Իրանում ինքնաթիռը կարող էին խոցել երկու հրթիռով. CNN

Արեւմտյան մի շարք երկրների իշխանություններ հայտարարել են, որ, իրենց տվյալներով, ինքնաթիռը հավանաբար խոցվել է Իրանի զինվորականների կողմից

Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով:

Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի իրազեկ աշխատակիցների։

ԱՄՆ-ի հավաքած տեղեկատվության համաձայն, իրանական ռադարը բռնել է հնարավոր թիրախը՝ ուկրաինական ինքնաթիռը: Շատ չանցած այդ օդանավը կործանվել է: ԱՄՆ-ի հետախուզությունն անմիջապես չի հայտնել ստացված տվյալների մասին, քանի որ որոշել է նախ դրանք ստուգել, նշում է CNN-ը:

Դրա հետ մեկտեղ ամերիկյան կողմը ելնում է այն բանից, որ իրանցիներն ինքնաթիռը սխալմամբ են խոցել:

Արեւմտյան մի շարք երկրների իշխանություններ հայտարարել են, որ, իրենց տվյալներով, ինքնաթիռը հավանաբար խոցվել է Իրանի զինվորականների կողմից:

Ընդ որում՝ սկզբնապես հաղորդվել էր «երկիր-օդ» դասի միայն մեկ հրթիռով հնարավոր խոցման մասին: Թեհրանում հերքում են այդ մեղադրանքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: