Կեղծ լուրեր են. «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»՝ Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին

Ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից տեղեկացնում են, որ ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։

Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է, Հայաստանի Քաղավիացիայի և ռուսական ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, վերջինիս կողմից որևէ հայտ չի ներկայացվել։

Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը նույնպես հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։