Ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, եթե պարզվի, որ Իրանն ավելի «դավադիր» քայլի է գնացել. Պոմպեո

Նա հույս է հայտնել, որ «իրանցիները լիարժեքորեն կհամագործակցեն»

Իրանում ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռի կործանման պատճառը կարող է տեխնիկական անսարքությունը լինել, սակայն անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին: Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ըստ tert.am-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պոմպեոն նշել է, որ կատարվածի հետաքննություն է անցկացվում, և հույս է հայտնել, որ «իրանցիները լիարժեքորեն կհամագործակցեն»:

«Տեսել եմ հաղորդագրությունները, և միայն կարող եմ ասել, որ պետք է շատ արագ հասնենք դեպքի բացահայտմանը: Պետք է հասկանանք վթարի հիմնական պատճառը: Գուցե դա տեխնիկական անսարքությունն է եղել»,- հայտարարել է պետքարտուղարը:

Նա նաև նշել է, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, եթե պարզվի, որ Իրանն ավելի «դավադիր» քայլի է գնացել:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը վթարի է ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի ուշ հայտարարել է, որ Օտտավան «մի քանի աղբյուրներից հետախուզական տվյալներ ունի, որոնք վկայում են, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «ցամաք-օդ» դասի հրթիռով: Շուտով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը կարող էր ոչ կանխամտածված կերպով խոցվել իրանական «ցամաք-օդ» դասի հրթիռով, սակայն նշել է, որ պետք է նախ լայնածավալ հետաքննություն իրականացվի:

Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել է այն պնդումները, թե ուկրաինական ինքնաթիռը կարող էր հրթիռի միջոցով խոցվել: