Շաքարավազը կթանկանա

Սպասվում է, որ թանկացումը կսկսվի արդեն ամանորի տոներից հետո

Իշխանափոխությունից հետո բավական ժամանակ արձանագրված էժանացումից հետո կանխատեսվում է, որ առաջիկայում ներքին շուկայում շաքարավազը վերստին կթանկանա։ Սպասվում է, որ թանկացումը կսկսվի արդեն ամանորի տոներից հետո։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ այս շուկայում անցած մեկ-մեկուկես տարվա ընթացքում արձանագրված գների նվազումը պայմանավորված էր Ռուսաստանից բավական մեծ քանակությամբ էժան շաքարավազի ներմուծմամբ։ Մի բան, ինչը չնայած ձեռնտու է սպառողներին, այնուհանդերձ խնդիրներ է ստեղծել տնտեսության համար։

Խոսքը բնականաբար վերաբերում է շաքարավազի տեղական արտադրությանը։ Ներմուծման գների էժանացման արդյունքում ներքին արտադրության շաքարավազը, ըստ էության կորցրել է մրցունակությունը։ Դրա ինքնարժեքը գերազանցում է ներմուծման գինը։

Ամեն դեպքում այդ հանգամանքը չի խանգարել, որ շուկայում մենաշնորհային կարգավիճակ ունեցող գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները` ի դեմս «Ալեքս հոլդինգի» և «Ալեքս ընդ հոլդինգի» շարունակեն պահպանել իրենց գերիշխող դիրքերը։ Թեև ներմուծման ոլորտում վերջիներիս մասնակցությունը ընկել է և 50 տոկոսից ցածր է, այնուհանդերձ իրացման շուկայի 88 տոկոսը բաժին է ընկնում այդ երկու ընկերություններին։, գրում է pastinfo.am-ը: