«Սոլեյմանիի սպանության համար վրեժը կայացել է». ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Եթե ԱՄՆ-ն որոշի նոր ռազմական գործողություններ ձեռնարկել, Իրանին այլ ելք չի մնա, քան պատասխանելը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Իրանն ավարտել է իր վրեժը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չի նախատեսում:

«Մեր բոլոր գործողությունները համազոր էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտվել են: Եթե ԱՄՆ-ն այլևս ռազմական գործողություններ չնախաձեռնի Իրանի նկատմամբ, մեր կողմից նման գործողություններ նույնպես չեն լինի»,-ըստ tert.am-ի՝ ընդգծել է իրանցի դիվանագետը:

Ռավանչին հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրականացնելով իր ինքնապաշտպանության իրավունքը:

«Եթե ԱՄՆ-ն որոշի նոր ռազմական գործողություններ ձեռնարկել, Իրանին այլ ելք չի մնա, քան պատասխանելը»,-ասել է Իրանի ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Live24.am-ը, հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը: