«Թուրքական հոսքով» ռուսական գազը կապահովի Եվրոպայի էներգաանվտանգությունը. Պուտին

Գազամուղի կառուցման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները երաշխավորում են դրա շահագործման էկոլոգիական անվտանգությունը

«Թուրքական հոսքով» ռուսական գազի մատակարարումները կնպաստեն Եվրոպայի էներգաանվտանգության ապահովմանը: Այս մասին Ստամբուլում գազամուղի գործարկման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

««Թուրքական հոսքով» ռուսական գազի մատակարարումները, անկասկած, մեծ նշանակության կունենան ոչ միայն Թուրքիայի եւ սեւծովյան տարածաշրջանի տնտեսության համար, այլ նաեւ դրական ազդեցություն կունենան շատ հարավ-եվրոպական երկրների զարգացման վրա եւ կնպաստեն Եվրոպայի էներգաանվտանգության ապահովմանը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ գազամուղի կառուցման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները երաշխավորում են դրա շահագործման էկոլոգիական անվտանգությունը: ««Թուրքական հոսքի» կառուցման ժամանակ կիրառվել են առաջատար նորարարական տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տվել ապահովել գազի տարանցման արդյունավետությունը, երաշխավորել անվտանգությունն ու գազամուղի շահագործման էկոլոգիական մաքրությունը»,- ասել է նա:

Էրդողանն, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար գազի գլխավոր մատակարարն է, եւ երկրները կիրականացնեն էներգետիկայի ոլորտում նոր համատեղ ծրագրեր: «Թուրքիայում գազի պահանջարկն աճում է: Ռուսաստանը մեզ համար գլխավոր մատակարարն է, մենք ՌԴ-ից 400 մլրդ խորանարդ մետր գազ ենք ստանում: Էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը հաջող է ընթանում: Մենք կշարունակենք նոր ծրագրեր իրականացնել Ռուսաստանի հետ»,- ասել է Էրդողանը: