Եթե ինքը չլիներ Ռոբերտ Քոչարյանի ընկերը, չէր կալանավորվի. Հ. Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կա աշխատավարձերի խնդիր, գաղտնիք չէ, որ ցանկացած ԶԼՄ այս կարգի երկրում, որտեղ 3 միլիոնից քիչ է բնակչությունը, տնտեսությունը տրաքած վիճակում է, ներարկումներով է գոյատեւում

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանք կիրառելը ճնշում է հեռուստաընկերության վրա։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Չի կարող ճնշում չլինել, երբ որեւէ լրատվամիջոցի սեփականատիրոջ ապօրինի ձերբակալում են՝ խայտառակ, սարքած մի պատմությամբ։ Այս ճնշման արդյունքում մենք կարող ենք խնդիր ունենալ, դա արդեն ճնշում է։ Նրա գույքի, անձնական հաշիվների վրա կալանք է դրվել, լսել եմ շշուկներ։ Ալիքին առաջին հերթին բարոյական հարված է։ Կա աշխատավարձերի խնդիր, գաղտնիք չէ, որ ցանկացած ԶԼՄ այս կարգի երկրում, որտեղ 3 միլիոնից քիչ է բնակչությունը, տնտեսությունը տրաքած վիճակում է, ներարկումներով է գոյատեւում։ Այդ ներարկումներն անում են սեփականատերերը»,- ասաց Հարություն Հարությունյանը։

«5-րդ ալիքի» գործադիր տնօրենի խոսքով՝ Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերը լինելու պատճառով.

«Այս մեղադրանքն առաջադրել են զուտ իր անձնական կապերի համար։ Եթե ինքը չլիներ Ռոբերտ Քոչարյանի ընկերը, չէր կալանավորվի, նրան ընկերության համար են կալանավորել։ Ներկա Հայաստանում ընկերությունը ընդունելի տարբերակ չէ։ Բոլորը բոլորի վրա պետք է գործ սարքեն»։

Նշենք, որ քիչ առաջ Դատախազությունը մերժեց Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

տեսանյութը՝ news.am-ի