ՆԱՏՕ-ի զորակազմի մի մասը դուրս կբերվի Իրաքից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել էր, որ դաշինքը հանուն իր անձնակազմի անվտանգության դադարեցնում է իրաքցի զինծառայողների ռազմական ուսուցման առաքելությունը

Հյուսիսատլանտյան դաշինքն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դուրս կհանի իր զինծառայողների մի մասին Իրաքից: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի աշխատակցի հայտարարությանը:

«Մեր անձնակազմի անվտանգությունն առաջնահերթ է»,-ասված է դաշինքի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նա չի հստակեցրել, թե ինչ թվի մասին է խոսքը, բայց նշել է, որ զինվորականները կտեղափոխվեն Իրաքի սահմաններից դուրս:

«Մենք չենք կարող տեղեկացնել գործողության մանրամասների մասին՝ ելնելով մեր զինծառայողների անվտանգության շահերից»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի աշխատակիցը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել էր, որ դաշինքը հանուն իր անձնակազմի անվտանգության դադարեցնում է իրաքցի զինծառայողների ռազմական ուսուցման առաքելությունը: