«Ամեն ինչ կարգին է». Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

Մինչ այդ Թրամփը Իրաքում եւ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկել է Կատարի էմիրի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է չորեքշաբթի առավոտյան հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության հետ։

«Ամեն ինչ կարգին է։ Հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքում երկու բազաների ուղղությամբ։ Այժմ գնահատվում է վնասի չափը եւ արդյոք կան տուժածներ։ Բայց ամեն ինչ լավ է... Ես հայտարարությամբ հանդես կգամ առավոտյան»,-գրել է նա Twitter-ում։

Մինչ այդ Թրամփը Իրաքում եւ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկել է Կատարի էմիրի հետ։

«Նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կատարի էմիրին ԱՄՆ-ի հետ ամուր համագործակցության համար։ Նրանք քննարկել են իրավիճակը Իրաքում եւ Իրանում, ինչպես նաեւ կրեւոր երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր»,-լչագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։

Նա չի հստակեցրել, թե արդյոք այդ զրույցը եղել է նախքան Իրանի կողմից ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելը։

Նշենք, որ այս գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժի գործողություն սկսելու մասին։ «Երկիր-երկիր» հրթիռներ են արձակվել Իրանից Իրաքի արեւմուտքում գտնվող Էյն ալ-Ասադ բզայի եւ Էրբիլի բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմ։