ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իրագործած՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վերացման գործողությունը հավասարազոր է «պատերազմ սկսելուն»: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:
Թախտ Ռավանչին հիշեցրել է, որ Վաշինգտոնը դեռևս 2018 թվականի մայիսին «տնտեսական պատերազմ» է սկսել Իրանի դեմ:
«Անցած գիշեր նրանք այս պատերազմի նոր գլուխը բացեցին՝ սպանելով ժողովրդի ամենասիրելի և գլխավոր գեներալներից մեկին»,-հայտարարել է իրանցի դիվանագետը:
Նրա խոսքով` Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի գործողությունները:
«Անխոս, Իրանն աչք չի փակի սրա վրա: Վրեժ կլինի, Իրանը կպատասխանի այնպես, ինչպես հարկ կհամարի: Այդ պատասխանի վայրն ու ժամանակն Իրանը կորոշի»,- ընդգծել է Թախտ Ռավանչին:
Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարություններն առ այն, թե Սոլեյմանին իրենից սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ-ի համար` Իրանի ներկայացուցիչը նշել է, որ «դրա վերաբերյալ ոչ մի ապացույց չկա»:
Նա նաև չի հավատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ըստ որոնց ամերիկացիները վերացրել են Սոլեյմանիին՝ Իրանի հետ պատերազմը կանխելու, ոչ թե պատերազմ սկսելու նպատակով:
«Ես չեմ հավատում նրան, որ Միացյալ Նահանգներն այս գործողությունը կատարել է, որպեսզի կանխի պատերազմը, քանի որ Սոլեյմանիի սպանության ծրագիրը մշակվել է բավականին երկար ժամանակ»,-նշել է դիվանագետը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՚ Բրայանը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի տեղեկության համաձայն` Սոլեյմանին Դամասկոսից ժամանել էր Բաղդադ, որպեսզի «հարձակումներ կազմակերպեր ամերիկացի դիվանագետների և զինծառայողների նկատմամբ»: Սակայն Օ՛ Բրայենը հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել` դրանք անվանելով «հույժ գաղտնի»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Iran’s ambassador to the United Nations, Majid Takht Ravanchi, says that if the US has evidence Qasem Soleimani was planning an imminent major attack against American interests, they should show it. pic.twitter.com/t5U916JWVN
— OutFrontCNN (@OutFrontCNN) 4 января 2020 г.
0Comments