Հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ

Տարածաշրջանում շահագրգիռ աշխարհաքաղաքական  կենտրոնների գործոնը առհասարակ, կարող է ՀՀ ներքաղաքական կյանքը ամբողջությամբ փոխել

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, լավ աշխատանքի դեպքում Հայաստանի ներքաղաքական կյանքում արտախորհրդարանական ընդդիմությունը 2020 թվականին կարող է որոշակի հաջողություններ գրանցել:

ՀՀԿ-ն, ըստ Բադալյանի, կարող է  ազդեցություն ունենալ, եթե փոխի իր ղեկավարին: ՀՀ 2-րդ նախագահը, ըստ քաղատեխնոլոգի, փորձում է համախոհների բանակ ձեւավերել: Այս դեպքում էլ, ըստ Բադալյանի, ամեն բան կախված է մասնագիտական գրագետ աշխատանքից:

«Քաղաքական գործընթացը մասնագիտական աշխատանք է, ամեն ինչ կախված կլինի մասնագիտական աշխատանքից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ի վարկանիշը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է ավելանալ վարչապետ Փաշինյանի վարկանիշի անկմանը  զուգահեռ: «Վերջերս Միջազգային Հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ԲՀԿ-ի վարկանիշը բարձրանում է, դա ցույց տվեցին նաեւ  Աբովյանի քաղաքապետի ընտրությունները»,-նշեց Բադալյանը՝ հավելելով, որ հիասթափված ընտրազանգվածը, որ 2018-ի դեկտեմբերյան ընտրություններին քվեարկել էր «Իմ քայլը»-ի օգտին, վերադարձել է դեպի ԲՀԿ:

«Նրանք մեծամասնություն չեն լինի, բայց կարող են բարձրացնել իրենց դիրքերը»,-նկատեց Բադալյանը:

«Լուսավոր Հայաստան»-ը, ըստ քաղտեխնոլոգի, որը Հայաստանի չափավոր արեւմտամետ ընտրազանգվածի համար որպես կամուրջ էր ընկալվում  արեւմտյան արժեհամակարգը Հայաստան բերելու ճանապարհին, կորցրել է իր դերակատարությունը: «ԼՀԿ-ն  վարկանիշի անկում է ունենալու, բայց, եթե այլ ուժ չլինի, հնարավոր է ջրի վրա մնա, իսկ եթե այլ ուժեր գրագետ ու ակտիվ աշխատեն, ԼՀԿ-ն միանշանակ կմարգինալավի, սա մինշանակ է»:

ՀՅԴ-ն, ըստ Բադալյանի, անցած տարի որոշակի աշխատանք կատարեց՝  կառավարության գործունեությունը քննադատելուց մինչեւ Արցախում անցկացված  համաժողով: «Դաշնակցությունը աշխատում է,  նրա ընտրազանգվածը 3-11 տոկոսի արանքում  է, եթե գրագետ աշխատի,միջինը 7-9 տոկոսի չափով կարող է վարկանիշ ապահովել»:

Ինչ վերաբերում է նոր ուժերին, ըստ քաղտեխնոլոգի, դրանք կրկին վերածվում են լիդերային կուսակցությունների եւ նրանց գործունեությունը սահմանափակվում է լրատվական դաշտում  հարացարզույցներով ու մեկնաբանություններով: Այդ ուժեը, ըստ Բադալյանի, իրական կյանքում որեւէ ազդեցություն չունեն:

Ինչ վերաբերում է ԱԱԾ  նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ՝ քաղաքականություն մտնելու հնարավորությանը, ըստ քաղտեխնոլոգի, նա արդեն որոշակի կարգավիճակ ունի քաղաքական դաշտում:

Բադալյանը հիշեցրեց Վանեցյանի ստեղծած հիմնադրամի մասին  եւ նշեց, որ գրագետ աշխատանքի դեպքում Արթուր Վանեցյանը կարող է Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի ազդեցություն ունենալ:

«Այստեղ մի քանի հարց կա, քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ պատրաստվում են 2023 թվականի հերթական ընտրություններին, թե ՞ արտահերթ ընտրությունների: Սա շատ կարեւոր է, երկրորդ, կա ԼՂ հիմնախնդիրը եւ  մենք չդիտարկեցինք, որ արտաքին ուժային կենտրոնները էապես ազդում են ՀՀ քաղաքական գործընթացների վրա»-շեշտեց Արմեն Բադալյանը:

Ըստ Բադալյանի, տարածաշրջանում շահագրգիռ աշխարհաքաղաքական  կենտրոնների գործոնը առհասարակ, կարող է ՀՀ ներքաղաքական կյանքը ամբողջությամբ փոխել:

Աղբյուր` Փաստինֆո