Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը փլուզվում է. «Փաստինֆո»

Այս օրերին ոստիկանությունը չէր կատարել քննիչի որոշումը եւ չէր ձերբակալել նրանց, իսկ փաստաբաններն էլ ձերբակալելու որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել դատարան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին կալանավորելու մասին միջնորդությունները դատարանը մերժել է. բացակայում է հիմնավոր կասկածը։

Այս մսաին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու՝ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

«Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին»,- դեկտեմբերի 20-ին հայտնել էր քննչական կոմիտեն: Այս օրերին ոստիկանությունը չէր կատարել քննիչի որոշումը եւ չէր ձերբակալել նրանց, իսկ փաստաբաններն էլ ձերբակալելու որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել դատարան։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել նշված անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ խարդախությամբ գումար հափշտակելու համար ու միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, իսկ ՀՖՖ տեխնիկական հսկիչին կալանավորելու մասին միջնորդության քննությունը՝ դատավոր Գագիկ Պողոսյանին։