Թող վարչապետը գա, առնի էս մսերը, տանի. քաղաքացիները բողոքում են

Թող գան, տանեն անալիզ վերցնեն, եթե վտանգավոր լինի, ես պատասխանը կտամ

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների՝ 1 շաբաթ առաջ հանրապետության տարածքում կատարած շրջայցերի արդյունքում հրապարակած լուսանկարները շատերին սարսափեցրին: Լուսանկարներում՝ փողոցում հակասանիտարական պայմաններում վաճառվող կենդանական մսի պատկերներ են: Տեսուչներն արձանագրել էին, որ միսը վաճառում են մեքենաների բեռնախցիկներից, կամ ճանապարհին՝ ինչ-որ սեղանիկի վրայից, ձողերից կախված:

1

Երևանում ու քաղաքից դուրս՝ մայրուղիներին և միջհամայնքային ճանապարհներին 168.am-ը բազմաթիվ նման օրինակներ տեսավ: Նման հակասանիտարական պայմաններում միս վաճառողները խուսափում են խոսել տեսախցիկի առջև, սակայն տեսախցիկից դուրս գանգատվում են, թե շատ ավելի ուրախ կլինեն, եթե իրացման պայմաններ լինի, իրենք էլ ստիպված ժամերով չկանգնեն ճանապարհին ու վաճառելու անիմաստ փորձեր կատարեն:

«Ես տանջվել եմ, հիվանդ կնիկ, դեղով եմ ապրում, սկի դեղի փողը չեմ հանում… թող գան-տանեն իմ վարձատրությունը տան, որ ես էլ ապրեմ: Թող գան, տանեն անալիզ վերցնեն, եթե վտանգավոր լինի, ես պատասխանը կտամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհին միս վաճառող տարեց մի կին:

Մեր զրուցակիցները սրտնեղած պատմում էին, որ ամբողջ տարին պահում են կենդանիներին, որպեսզի տարվա վերջում վաճառեն ու ամանորյա իրենց ծախսերը կարողանան հոգալ, այնինչ բազմաթիվ խնդիրների են բախվում:

«Մենք ոնց ապրենք, թոշակ չեմ ստանում, նպաստ չեմ ստանում, անասունս էլ չեմ կարում ծախեմ: Գոնե 2500 դրամով վաճառենք, անցած տարի 3000 դրամով ենք վաճառել, էս տարի 2000 դրամով էլ չենք կարում վաճառենք»,- ասաց մեր զրուցակիցը:

1

Հարցին, թե գուցե առաջա՞րկն է շատ, դրա համար է գինը ցածր, նա պատասխանեց.

«Գուցե շատը ո՞րն է, Ռուսաստանից, Պարսկաստանից նեխած մսերը բերել-լցրել են, էս մաքուրն էլ մեջը չի ծախվում: Մարդիկ ուզում են տանեն, ուտեն, մեռնեն, բայց մենակ էժան ուտեն»:

Մեկ այլ հարցի, թե գուցե առևտրի պակասի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ կո՞չն է՝ սեղանին խոզի բուդ չդնելու ու Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորելու մասին, նրանք քիչ ավելի վրդովված պատասխանեցին.

«Դե թող վարչապետը նախօրոք հայտարարեր, որ՝ ժողովո՛ւրդ, խոզ մի՛ պահեք, ինչի՞ չի հայտարարել: Եթե չի հայտարարել, թող գա, առնի էս մսերը, տանի»:

1

Տեսախցիկի առջև ու տեսախցիկից դուրս մեր զրուցակիցները վստահեցնում էին՝ եթե իրացման համար անհրաժեշտ պայմաններ լինեն, և իմանան, թե որտեղ կարող են հանձնել իրենց պահած անասուններին, ու գոնե փոքր եկամուտ ստանան, ապա ոչ ոք ճանապարհի վրա փողոցային առևտրով չի զբաղվի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում