Ո՞ւր են Հրայր Թովմասյանին չարիք համարող «ժողովուրդ»-ի բանակները, այդ հարյուր-հազարավոր մարդիկ

Մեկը եկավ, ինչ-որ բաներ էր գոռգոռում և իրեն ներկայացնում էր՝ որպես ժողովուրդ

«Սահմանադրական դատարանում քաղաքական ավտորիտար վարչակազմի կոնսոլիդացիայի պրոցես է ընթանում: ՍԴ-ն, որն ըստ էության գերագույն դատարանն է, փորձում է ընդվզել: Ասում են՝ Հրայր Թովմասյանն ընդդիմադիր է, բայց այդպես չէ, նա չեզոք է: Հիմա գործ ունենք այդ մարմնի քաղաքականացման հետ: Իսկ հիմա ուղղակի ճնշում է տեղի ունենում Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ:

Աշխարհի ամենամեծ ստերը, մանիպուլյացիաները, կեղծիքները, անլուրջ մեկնաբանություններն արվում են «ժողովուրդ» եզրույթն օգտագործելով: Մենք ևս օգտագործում ենք դա, ինչը պոպուլիզմ է և անընդունելի: Ժողովուրդ չկա, կան մարդիկ, ովքեր կազմակերպում են քաղաքացիական ակտիվ զանգվածի կոնսոլիդացիա: Մենք այսօր ունենք կայուն զարգացող ավտորիտար համակարգ»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանն էլ տեղեկացրեց. «ՍԴ-ի մոտից ենք գալիս, մեկը եկավ, ինչ-որ բաներ էր գոռգոռում և իրեն ներկայացնում էր՝ որպես ժողովուրդ: Խնդիրն այն է, որ, եթե դա գոռար համացանցում, ֆեյքերի բանակ կձևավորվեր, կաջակցեին, իսկ այսօր առանց ֆեյքի մեկ հոգի էր դուրս եկել ու իրեն ներկայացնում էր՝ որպես ժողովուրդ: Եթե այդքան դեմ եք, համարում եք, որ Հրայր Թովմասյանը չարիք է Հայաստանի համար, ու պետք է ազատվել, ապա ո՞ւր են այդ բանակները, հարյուր-հազարավոր մարդիկ: Այսինքն՝ ապրում ենք երկու իրականությունում՝ վիրտուալ և սովորական»: