Ձմեռ պապիներն իրավունք չունեն փող ուզեն. ասել եմ՝ ձերբակալեք. փոխքաղաքապետ

Այսինքն թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետեւ իրենց քասթինգը անցնում է քաղաքապետարանում

Հրապարակում ձմեռ պապիներից որեւէ մեկն իրավունք չունի քաղաքացուց գումար ուզի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտրակմանը, որ նման դեպք է արձանագրվել:

«Ես ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը գնում է եւ փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիները, որոնք մեզ մոտ քասթինգով անցել են, իրենց եւս փող ուզելու իրավունք չունեն»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանի հարցին, թե ստացվում է, որ ինչ-որ մեկը Ձմեռ պապի շորով այնտեղ ժամանա՞կ է անցկացնում, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այդ հարցն ինձ էլ էր տանջում երկու օր, մինչեւ նրանցից մեկի հետ երկար զրույցից պարզեցի: Ասում է՝ մենք գալիս ենք մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում եւ ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետեւ իրենց քասթինգը անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ, անմիջապես ձերբակալեք, որովհետեւ դա ապօրինի ձեռնարկատիրություն է»: