«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ Ահազանգ

Ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքենան կայանել եմ իրենց ոչ հարմար վայրում

Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքենան կայանել եմ իրենց ոչ հարմար վայրում։ Այս մասին ասաց Auroranews զանգահարած քաղաքացին, ում անունը չի հրապարակվում:

«Քաղաքացին նշեց, որ ինքը «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է, պատվեր իրականացնելու համար գնացել է «Ռոսիա Մոլ»-ին հարող տարածք։

«Սկզբում կայանել էի կանգառում, քանի որ պատվիրատուն այդ հասցեն էր նշել: «Ռոսիա Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները մոտեցան, ասացին, որ չթույլատրված հատվածում եմ կանգնել: Մեքենան մի փոքր առաջ տարա և կայանեցի տաքսիների համար նախատեսված հատվածում։ Նորից մոտեցան ու թե՝ «նոր չասացինք, որ սխալ տեղում ես կայանել»։ Ես էլ նշեցի, որ տեղն արդեն փոխել եմ, և այս հատվածում տաքսիների կայանումը թույլատրվում է։ Նրանցից մեկն ասաց, որ սա Խաչատուր Սուքիասյանի տարածքն է, մյուսն էլ ասաց, որ նրա անունը չտա, ու իրենք այս հարցը կկարգավորեն։ Այդ պահին ինձ հրեցին և սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Արդեն փոխադարձ հայհոյանքներից հետո ինձ գցել են մայթին, ոտքերով և ձեռքերով անկանոն հարվածներ հասցրել։ Հետո տարել են «Մոլ»-ի ետևի հատվածին հարող տարածք, որտեղ ավելի մութ էր, և շարունակել են ծեծել։ Մի կերպ հաջողացրի ու փախա մեքենայիս մոտ, եկան, հարվածեցին մեքենային, պետհամարանիշը պոկեցին։ Անընդհատ գոռում էին. «Սա մուսռ (мусор) ա, մեզ բռնել ա տալու»,- պատմեց քաղաքացին՝ վստահեցնելով, որ ոստիկանությունը ցանկության դեպքում կարող է տարածքի տեսախցիկները վերցնել ու տեսնել կատարվածը։

Արդեն մեքենայի մեջ, դռները փակ վիճակում քաղաքացին ահազանգել է ոստիկանություն․ «Զանգահարեցի, պատմեցի կատարվածի մասին, ասացին, որ 10 րոպեից կարգախումբ կգա։ Ժամանակ անցավ, զանգահարեցին ու խնդրեցին, որ ես մոտենամ ոստիկանություն, քանի որ ծանրաբեռնված են աշխատում և այս պահին մոտենալ չեն կարող։ Մոտեցա ոստիկանության Էրեբունու բաժին։ 2 ժամ անց քննիչը եկավ և արձանագրություն կազմեց, որից հետո ինձ վատ եմ զգացել ու ոստիկանությունից արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկն ասաց, որ մարմնիս տարբեր մասերում բազմաթիվ սալջարդեր ունեմ, քիթս է կոտրված»,- ասաց քաղաքացին՝ ընդգծելով, որ արդարությունից բացի իրեն ոչինչ պետք չէ»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում