«ԱԱԾ-ն համագործակցում է որոշ բլոգերների հետ, նրանց զինում ինֆորմացիայով». Դ. Իոաննիսյան

Համարում եմ, որ պետական կառույցներում կան դիմադրություններ

«Համարում եմ, որ պետական կառույցներում կան դիմադրություններ: Այդ դիմադրություններն ունեն տարբեր դրսևորումներ, բայց ամենալուրջ դիմադրությունն զգացվում է ԱԱԾ-ում գործող որոշ շրջանակների կողմից»,- այսօր տեղի ունեցած «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե նա ամբողջությամբ վստահում է և կարծում է, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված բոլոր պարտավորությունները, Իոաննիսյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ԱԱԾ-ն հաջողացրել է այնպես աշխատել, որ ոմանց ձեռքում հայտնվի վարչապետի և ուժային ծառայություններից երկուսի հեռախոսային խոսակցությունը:

Կան ակնհայտ փաստեր, որ ԱԱԾ-ն համագործակցում է ժողովրդավարական բարեփոխումներին դիմադրող և վարչապետի նշանակումներին դիմադրող, որոշ, այսպես կոչված, վիդեոբլոգերների հետ: Համագործակցում է նրանց հետ և այդ զինում ինֆորմացիայով՝ վարչապետի որոշման վրա ազդելու համար: Այսինքն, որպեսզի վարչապետը կոնկրետ մարդուն չնշանակի ինչ-որ պաշտոնի, այլ նշանակի մեկ ուրիշին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: