Քաղաքապետն է որոշում. Մեսչյանը՝ «ԿամԱԶ»–ների ու շինթույլտվությունների մասին

Եթե ես զգայի, որ կոռուպցիոն նոր տարբերակ է սկսվում, ապա լուրջ կվերաբերվեի դրան, բայց ամեն ինչ շատ սահուն եղավ

«Եթե ես զգայի, որ կոռուպցիոն նոր տարբերակ է սկսվում, ապա լուրջ կվերաբերվեի դրան, բայց ամեն ինչ շատ սահուն եղավ։ Ամենակարևորը՝ քաղաքը ազատվեց աղբից։ Աղբի խնդիրը լուծելու համար պատերազմական ռեժիմի աշխատանք էր պետք կատարել։ Եթե այդ կարգավորման ընթացքում ինչ-որ բաներ են եղել, որ որոշ մարդկանց դուր չի եկել, ապա կներեք, բայց ես ավելի շատ մտածում եմ մեր երեխաների մասին, որ աղբի կողքով չանցնեն, քան այդ ինչ-որ խոսակցությունների»,- «Ազատություն TV»-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով նվեր ստացած «ԿամԱԶ»–ների դիմաց քաղաքապետարանի կողմից որոշ ընկերությունների շինթույլտվություններ տրամադրելու թեմային։

«Եթե «ԿամԱԶ»–ները չնվիրեին՝ աղբահանության խնդրի լուծում մի քիչ ավելի կերկարեր։ Շինթույլտվության հետ ոչ մի կապ չկա։ Ինչի համար աղբահանության այն ծրագիրը, որ վերջապես կառուցապատողների վրա որոշակի սոցիալական պարտավորություն դնել, բարձրացվեց ավագանիների կողմից, ԱԺ-ի կողմից։ Մենք գիտենք, որ ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, և պետք է աղբյուրներ գտնենք, որպեսզի կարողանանք որոշակի հարցեր լուծել: «ԿամԱԶ»–ների տրամադրումը կոռուպցիա չէր, քանի որ անձնական շահ չկար։ Յուրաքանչյուր քաղաքում քաղաքապետն է որոշում, թե ինչ պարտավորություններ դնի կառուցապատողի վրա »,- ասաց Մեսչյանը։