Սա խայտառակ շոու էր. Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ ընտրությունների մասին

Ես արդեն 40 տարի է, որ ֆուտբոլի հետ եմ, և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլի մեջ դեռ չէի տեսել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ու գործկոմի անդամների ընտրությունից հետո լրագրողների հետ զրուցեց գործադիր կոմիտեի արդեն նախկին անդամ, ՀՖՖ-ում երկար տարիներ պաշտոնավարած Մարինա Թաշչյանը, ով, հիշեցնենք, նախագահի մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի ընտրվելու դեպքում դառնալու էր ՀՖՖ փոխնախագահ:

Մարինա Թաշչյանը հայկական ֆուտբոլի պարծանքի՝ Հենրիխ Մխիթարյանի մայրն է:

– Ինչպե՞ս եք որակում ընտրությունները:

– Խայտառակ: Չէի ուզում խոսել: Որոշել էի լռել, որովհետև տարաբնույթ մեկնաբանություններ կլինեին, բայց չկարողացա լռեմ: Սա խայտառակ շոու էր, և ոչ թե՝ ընտրություն: Այսինքն՝ նախապես ամեն ինչը պայմանավորված էր, ամեն ինչ արված էր, անելիք չկար արդեն: Ես ընտրությունների ժամանակ արդեն հասկացա՝ ինչն ինչ է: Ճիշտն ասած, կարող է ոչ ֆուտբոլային մարդիկ չհասկանային, թե ինչ է կատարվում, բայց մարդիկ, որոնք երկար ժամանակ ֆուտբոլում են, իսկ ես արդեն 40 տարի է, որ ֆուտբոլի հետ եմ, և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլի մեջ դեռ չէի տեսել:

– Մի փոքր կբացե՞ք փակագծերը: Ո՞ւմ եք մեղադրում, կամ ինչո՞ւ եք համարում, որ սրանք կեղծ կամ խայտառակ ընտրություններ են:

– Երևի թե դուք կնայեք, դուք էլ կհասկանաք: Ինձ թվում է՝ բոլորի համար էլ պարզ էր, որ ամեն ինչը նախապես պայմանավորված էր, որ իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ, և չգիտեմ՝ ի՞նչ պայմաններ են իրենց առաջարկել, որ ակումբներն այդպիսի բան որոշեցին: Բայց միայն այն, որ ես այսօր 40 տարի ֆուտբոլում եմ, և իմ թեկնածությունն առաջադրվել էր «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որ այդ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին….

– Ինչո՞վ եք պայմանավորում դա:

– Երևի ես իրենց խանգարում եմ ֆուտբոլում: Իրենք որոշոցին, որ ես չպետք է մնամ գործկոմում:

– «Նորացված Փյունիկը» կապ ունե՞ր Ռուբեն Հայրապետյանի հետ, և միգուցե պատճառը դա՞ էր:

– Ռուբեն Հայրապետյանի տղան էր, այո: Ես անգամ տեղյակ չեմ եղել՝ որ թիմի կողմից եմ առաջադրված եղել: Առաջին օրերին առաջադրված եմ եղել «Աչաջրի» կողմից: Մի քանի օր հետո իմացա, որ «Աչաջուրը» եկել է Ֆեդերացիա և ասել, որ դա սխալմունք է, որ իրենք ուրիշ թեկնածու ունեն: Ես չգիտեմ, թե իրենք ինչու մտափոխվեցին:

– Ինչպե՞ս է զարգանալու հայկական ֆուտբոլը:

– Ժամանակը ցույց կտա, բայց համենայն դեպս, ինձ թվում է, որ այս իրավիճակում չի զարգանալու:

– Արմեն Մելիքբեկյանի որակներն ինչպե՞ս կգնահատեք:

-Կարծում եմ՝ դուք ավելի լավ կգնահատեք: Ես ո՞նց կարող եմ գնահատել: Շատ լավ խոսում է, շատ գեղեցիկ, մնում է հիմա տեսնենք՝ գործի մեջ ինչ է անելու:

…Կներեք, բայց այդքան գումար յուրաքանչյուր մարդ կարող է տալ, բերել տեխնիկական տնօրեն, մրցավարական բաժնի պետ: Յուրաքանչյուր մարդ, փողերը ծախսելով, կարող է ամեն ինչ անել: Թող անեին տեղի կադրերով:

– Ընտրական պրոցեսի հետ կապված ի՞նչ եք նկատել, որ համարում եք խայտառակ ընտրություն: Թեկնածուն իրավունք չունե՞ր հանդիպումներ ունենալ:

– Միայն այն, որ Մելիքբեկյանի շտաբը գտնվում էր ՀՖՖ-ի շենքում, արդեն բավական էր, որ հասկանայինք: Իմ կարծիքով՝ նա պետք է գործի չգար, վերցներ արձակուրդ: Եթե դուք աշխատում եք մի տեղ, ուր ձեր տնօրենը պետք է ընտրության մասնակցի, դուք ամեն ինչ չե՞ք անելու, որ նա ընտրվի:

– Կարծում եք՝ մինչ ընտրությունները ճնշումներ եղե՞լ են ընտրողների վրա:

– Ես գտնում եմ՝ այո:

– Կա՞ն քայլեր, որ պատրաստվում եք անել:

– Ոչ: Եթե իրենք իմ ֆուտբոլային գիտելիքների կարիքը չունեն, ես ոչինչ չունեմ ասելու, բայց ես պայքարելու եմ մինչև վերջ:

Մարինա Թաշչյանը ՀՖՖ արտահերթ նիստից հետո ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին մոտեցել և ասել է, թե այս հարցն այսպես չի թողնելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում