Հիշել են, որ ինչ-որ մի տեղ երեխա են թողել․ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան

Որպես փաստաբան՝ ինձ համար ցավալի է, որ հանրապետությունում մի քանի կանայք կարողացել են այսպիսի մեծ ալիք բարձրացնել

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեծ ներդրում ունի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում և չէր կարող ապօրինի որդեգրման գործընթացում ներգրավված լինել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, news.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

«Որպես մարդ, որպես փաստաբան ինձ համար ցավալի է, որ հանրապետությունում մի քանի կանայք կարողացել են այսպիսի մեծ ալիք բարձրացնել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

«Շատ է խոսվում, թե ինչու է Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած ինստիտուտից իրականացվել երեխաների որդեգրումը։ Մամուլը  այն կապում է ուղիղ Ռազմիկ Աբրահամյանի անձի հետ, բայց իրականում դա ունի այլ պատճառ, որը նախաքննության  մարմնի կողմից եւ հանրային քննարկումներում չի բարձրացվում։ Ինձ՝ որպես փաստաբանի, հետաքրքիր էր այդ հանգամանքը։ Երբ արդեն սկսեցի խորանալ, տեսա, որ այստեղ լուրջ պատճառ կա։ Պատճառն այն  է, որ այն ինստիտուտում, որ գլխավորում է Ռազմիկ Աբրահամյանը, կա հանրապետությունում միակը հանդիսացող բաժանմունք, որը նախատեսված է միայնակ մայրերի, չհաշվառված կանանց, ինչպես նաեւ սեռավարակներով եւ այլ վարակներով վարակված կանանց ծնելիությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Այսինքն՝ գործ ունենք մարդկանց մի խմբի հետ, որոնք պրոբլեմներով են գալիս, դրա համար եթե հաշվառումներ չեն անցել, հետազոտություններ չեն անցել, նշանակում է այդ կանանց մի մասը կարող են լինել անչափահասներ և որոշակի խնդիրներ են ունեցել։ Այն կանայք, որոնք այդտեղ ծննդաբերել են, իրենց որոշումն հիմնականում այն  է եղել, որ իրենք իրենց երեխաներից հրաժարվել են։ Մենք այս տարի ունեցանք մի դեպք, երբ աղբանոցում նորածին երեխա էին հայտնաբերել։ Երեխայի հայտնվելն աղբանոցում, բնականաբար, պատճառներ ունի, պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ հղիանում են, բայց ամոթից, խայտառակությունից, թասիբից, պատվից ելնելով հրաժարվում են երեխաներից»,-նշեց նա։

Դիլբանդյանը շեշտում է՝ խոսքը ընդհուպ մոտ 20 տարվա դեպքի մասին է․  «Երեխային ծնողից բաժանելը կյանքում որպես երեւույթ չի կարող տեղ ունենալ, քանի որ ծնողի, մոր համար կյանքում ամենամեծ արժեքը իր զավակն է։ Բացի այդ, մենք խոսում ենք դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին,  2015, 2016 թվականին։ Այդ կանայք, որոնք թողել իրենց երեխային, հեռացել են, 20 տարի  10 տարի, 5-6 տարի հետո արթնանում են, հիշում են, որ իրենք ինչ-որ մի ժամանակ երեխա են թողել ինչ-որ մի տեղ։ Այսինքն՝ հիմնավորում են, թե իրենց ինչ-որ բան պարզաբանված չի եղել։ Բայց այդ պատճառաբանությունն, ըստ էության, ձեւական բնույթ է կրում, որովհետեւ եթե իրենց ցանկանային, կարող էին ցանկացած ժամանակ գալ, իրենց երեխային տեր կանգնել։ Ես ուզում եմ, որ հանրությունը ճիշտ ընկալի, հասկանա։ Ես չգիտեմ՝ ովքեր են կանգնած այս գործընթացի ետեւում, բայց չի կարելի ոտնատակ տալ մի ամբողջ կոլեկտիվի աշխատանքը։ Այսօր մանկաբարձներից շատերը վախենում են մոտենալ հղիներին, որովհետեւ ամեն մի քայլը, որ կարող է խնդիր առաջացնել հղի մոտ, ստիպում է մտածել, որ վաղը իրենք կարող են ձերբակալվել։ Սա լուրջ վտանգ ու սպառնալիք է ծննդաբերության եւ վերարտադրողականության հայեցակարգի համար»։

Փաստաբանը չի հերքում՝ հնարավոր է որդեգրման գործընթացում խախտումներ եղած լինեն․

«Միգուցե որդեգրման գործընթացում խախտումներ տեղի ունեցած լինեն, ես դա չեմ հերքում, բայց այն հոդվածը, որ կիրառվել է եւ մեղադրանք է ներկայացվել, այսինքն  ապօրինաբար երեխային ծնողից զրկելու մասին, աբսուրդ է, այսօր ոչ մի ծնողից իր երեխային ոչ մեկ չի կարող զրկել»։

Հարցին՝ Ռազմիկ Աբրահամյանն ընդունո՞ւմ է, որ որդեգրման գործընթացում խախտումներ են թույլ տրվել, նա ասաց․ «Պարոն Աբրահամյանը ոչ մի բան էլ չի ընդունում, նաեւ դատարանում փաստվեց, որ այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվել է, հիմնավոր կասկածը բացակայում է։ Դրա համար կալանքի միջնորդությունը մերժվեց»։

Դիլբանդյանը համոզմունք հայտնեց՝ ունենք հեղափոխական փուլն անցած երկիր, որտեղ դատարանները կարող են անկախ որոշումներ կայացնել․ «Ես շնորհակալ եմ մեր արդարադատությանը, շնորհակալ եմ այս վիճակին, որ ունենք հեղափոխական փուլն անցած երկիր, որտեղ դատարանները կարող են անկախ, իրենց խղճին ու արդարությանը համապատասխան որոշումներ կայացնել»։

Նա պնդեց՝ Ռազմիկ Աբրահամյանը մեծ ներդրում ունի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում, չէր կարող ապօրինի որդեգրման գործընթացում ներգրավված լինել։