Վարչապետը պետք է ասեր՝ այդ Գառնիկը, ով իմ թշնամին է, սենց բան է ասում, մի հատ կանչեք

Ես վատ եմ զգում, որ իմ պետությանը, հայրենիքին վտանգ է սպառնում, համակարգ է ոչնչացվում, իսկ մարդիկ դրան նայում են շատ սովորական

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, ԱԱԾ-ն, որպես կառույց այսօր դարձել է քաղաքականության զոհ : Այս մասին Իսագուլյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:

«Դարձել են քաղաքականության զոհ ու վախենում են, իսկ վախեցած մարդուն ես ինչ շնորհավորեմ, շնորհավորեմ, որ վախեցաք ու այլեւս ձեր ֆունկցիաները չե՞ք կատարում»,-ասաց նա՝ հայտարարելով, որ ԱԱԾ համակարգն իր համար օտար չէ, բայց այս տարի ցավ է ապրում, ուզում է շնորհավորել, բայց մտածում է, որ այսօր այնտեղ մարդիկ կան , որոնք չեն հասկանում, թե ինչ են անում :

«Քաղաքականացված է արդեն, ես ամեն մի բառիս համար ցավ եմ ապրում, երեկ պարոն Փաշինյանը ճիշտ էր ասում, որ այդ համակարգը պետք է պետությանն ու օրենքին ծառայի, բայց ինքը թո՞ւյլ է տալիս, որ այդ մարդիկ պետությանը ծառայեն»,-ասաց Իսագուլյանը:

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ հանդիպելու եւ իր մտահոգությունները նրան ներկայացնելու անհրաժեշտություն է տեսնում եւ այդ հարցով դիմել է նրա օգնական Նաիրի Սարգսյանին, սակայն արդեն շուրջ մեկ ամիս է անցել՝ արձագանք չկա:

«Հաղորդագրություն էլ եմ ուղարկել, 3 անգամ խոսացել եմ, խնդրել եմ, որ անկախ մեր քաղաքական հայացքների տարբերությունից, այդ մարդուն շատ կարեւոր բան ունեմ ասելու՝ Ազգային անվտանգությանն առնչվող : Երբ հանդիպեմ՝ կբացատրեմ, թե ինչու եմ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին ու Սուրեն Ստեփանի Մելքոնյանին հայտարարում գործակալներ, ինչո՞ւ, ուրեմն կա ինչ –որ փաստ, որ այդ մարդիկ չեն ղեկավարում այդ կառույցը»,-հայտարարեց Իսագուլյանը:

Հարցին, այսինքն, ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների՞ մասին է խոսքը՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Միանշանակ, ինչի՞ մասին է խոսքը, ընդ որում, դա շատ ռեալ է: Պարոն Փաշինյանը բացարձակ չի հասկանում, թե իր շրջապատն ինչ է անում, իրեն ինչ են մատուցում ու ինքը մեխանիկորեն կատարում է դա: Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը դարձավ պետության ղեկավար, բացարձակ չիմանալով՝ ինչ ասել է պետության ղեկավար, պետական ինստիտուտներ, օրինակ, դստեր ծառայողական մեքենայի հետ կապված, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկար, վարչապետի աղջիկը իսկապես պետք է լինի ԱԱԾ համապատասխան բաժնի պահպանության տակ, այդ մեքենան իրենը չի, այդ մեքենան պետությանն է, այն պետության ղեկավարներին սպասարկելու պարտավորություն ունի»:

Ըստ Իսագուլյանի, խնդիրն այն, է, որ ժամանակին Փաշինյանը չգիտեր, որ նույն կերպ , օրինակ, պետք է կաթողիկոսը պաշտպանվեր. «Այդ մարդը նոր է սկսել հասկանալ, թե ինչ ասել է պետական ինստիտուտ, ոստիկանություն, ազգային անվտանգություն , ընդ որում, հասկանում է շատ սխալ, որովհետեւ հիմա ինքը ուզում է, որ այդ բոլորն իրեն ծառայեն, որովհետեւ ինքն իրեն շփոթել է պետության հետ, դրա համար այս թյուրիմացություններն են առաջացել, թե չէ Մարիամիկին մեքենա ու թիկնազոր տրամադրելը նորմալ երեւույթ է, այո , վարչապետի խիղճը պետք է հանգիստ լինի, որ նրանք պաշտպանված են, որպեսզի ինքը պետական գործերը կատարի։ Բայց դա չեն անում, ամբողջ ողբերգությունը դա է, դրա համար այդ ճիշտ արված քայլը հասարակության աչքին վատ է»:

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններից հետո պետք է իրեն կանչեր եւ պարզաբանում պահանջեր, ապա նոր ելույթ ունենար ԱԱԾ-ում: « Վարչապետը հաջորդ օրը պետք է ինձ կանչեր, ասեր՝ Իսագուլյան, դու հասկանո՞ւմ ես ինչ ես ասել, հիմա , եթե դա չապացուցվի, քեզ պետք է գնդակահարենք, մորթենք, քառատենք:Ինքը պետք է ասեր ՝ այդ Գառնիկը, որը իմ թշնամին է, սենց բան է ասում, մի հատ կանչեք, տեսնեմ՝ ինչ է ասում, նոր գնամ այնտեղ ելույթ ունենամ»:

Իսագուլյանն նաեւ ասաց, որ փաստեր ունի, որոնք չի հրապարակի. «Ամբողջ ողբերգությունն այն է, որ դու պետության անվտանգության խնդիրներից ելնելով չես կարող հրապարակել, մարդկանց եմ ասել, որ զեկուցեն, օգնականին, Նաիրի Սարգսյանին ասել եմ, մեկ ամիսը հեսա կլրանա, բայց պատասխան չունեմ: Ես վատ եմ զգում, որ իմ պետությանը, հայրենիքն վտանգ է սպառնում, համակարգ է ոչնչացվում , իսկ մարդիկ դրան նայում են շատ սովորական։ Համակարգը ծառայում է կոնկրետ իրենց՝ անձնական շահերին, դրա համար եմ ասում ՝ ափսոսում եմ, որ այս տարի ես չեմ կարող նույն ձեւով շնորհավորել ԱԱԾ աշխատակցի օրը, իհարկե, շարքային աշխատակիցներին շնորհավորում եմ, բայց այդ մարդկանց ես չեմ կարող շնորհավորել»:

Իսկ առհասարակ, Իսագուլյանը կարծում է, որ ուժային համակարգերն այսօր անհասկանալի գործողություններ են կատարում, որոնք անհնար է վերլուծել.

«Ոչ օրենքի դաշտում նման բան կա, ոչ՝ օրենքից դուրս»:

Իսագուլյանն, օրինակ, տարակուսում է, թե ինչպես է ստացվում, որ ԱԱԾ-ն քաղաքացուն երկրից արտաքսում է, բայց մինչեւ այսօր չի կարողանում ասել, թե նա ինչ վտանգ էր ներկայացնում այն դեպքում, երբ նա հայտարարում է, թե պատրաստ է գալ ու , եթե վտանգ է ներկայացնում, թող իրեն կալանավորեն:

«Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին դեպքն է սա, որ հային արտաքսեն մեղադրանքով, թե պետությանը վտանգ է սպառնում, ճիշտ ինքը Ղազախստանի քաղաքացի, բայց մայրը ՀՀ քաղաքացի է: Պետությանը վտանգ է սպառնում, աշխատում էր վարչապետին առընթեր «Օրբելի» կենտրոնում, դուք ինքներդ նրան գործուղել եք Տաջիկստան՝ սեմինարի, հետ գալուց պարզվեց, որ վտանգ է սպառնում, է կալանավորեիք»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ կատարվածին:

Աղբյուր` Փաստինֆո