Երկուշաբթի Խաժակյանի մնալու-չմնալու որոշումը կհրապարակվի

Երկուշաբթի կլինի կուսակցության կառավարման խորհրդի նիստ

«Երկուշաբթի կլինի կուսակցության կառավարման խորհրդի նիստ և մնալու-չմնալու որոշումը կհրապարակվի։ Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական, դիտարկումները և դրա հետևություններն են կուսակցության անդամների միջև տարբեր։ Այդ տարբեր մոտեցումների շուրջ երկուշաբթի օրը կոնսենսուսային որոշում կկայացվի։ Ես մեկ շաբաթ է իմ տրամադրվածության մասին խոսում եմ, իմ տրամադրվածությունն այն է ,որ քաղաքային խնդիրները պետք է շարունակվեն բարձրաձայնվել, այս մասով ես ունեմ իմ կուսակցության ամբողջական սատարումը, իսկ դրա ֆորմատն արդեն երկուշաբթի օրը հայտնի կդառնա»,- «Լուսավոր Հայաստանի» 4-րդ ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամներից Թեհմինա Վարդանյանը քննադատեց քաղաքապետին, հիշեցնելով նրա կերտած կանացի կերպարներն ու նախկինում տված հարցազրույցները։ 

Հաջորդ օրն առավոտյան  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քննարկում են ավագանու ընդդիմադիր խմբակցությունից իրենց միակ կուսակցին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Մարուքյանն ասաց,որ  նիստից հետո հազարավոր նամակներ են ստացել, ուստի չեն  կարող  իրավիճակի վրա ազդեցություն չունենալով պատասխանատվություն կրել:

Ավագանու «Լույս» խմբակցությունն ավագանու ընտրություններին դաշինքով է մասնակցել, խմբակցությունում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից միայն Դավիթ Խաժակյանն է, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցությունից են: