Հասարակությունը կարող է անակնկալի գալ Արցախի հարցում. Լարիսա Ալավերդյան. տեսանյութ

Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի են ունենում բուռն գաղտնի գործընթացներ

Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի են ունենում գաղտնի, բուռն գործընթացներ, որոնց մասին հանրությանը պետք է բացատրություններ տրվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարությունների մեջ որոշակիություն չկա:

«Պիտի հայկական կողմը չզլանա, կարողանա ձևը գտնել խոսելու, իր հասարակության հետ խոսելիս չսահմանափակվի «արդեն ասել եմ, սա, նա» ասելով: Հասարակության մոտ առկա անորոշությունն աշխատելու է այս իշխանությունների դեմ: Դրանք բոլորը վնասում են այս իշխանությունների կայունությանը, իմիջին»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ բուռն քննարկումների արդյունքում կարող է որոշում կայացվել, որը հետագայում անակնկալի կբերի հասարակությանը: Ըստ նրա ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որոշակիություն չեն պարունակում:

«Նիկոլ Փաշինյանը չունի այնպիսի մի խումբ, որն իրեն կարողանա օգնել: Ղեկավարը պարտավոր է կազմակերպել բարձր մասնագիտական կարողություններ ունեցող խմբեր, որոնք իրեն կտրամադրեն բոլոր հնարավոր վարկածները»,-նշեց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ժողովրդի մեջ Արցախի հարցում կոնսենսուս կա, որն արտահայտվել է տարբեր ձևերով՝ սկսած 1992-1994 թթ., ապա նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ըստ նրա՝ Արցախի հիմնահարց չկա, այն լուծված է, արցախահայությունը համայն հայության հետ միասին արդեն տվել է լուծում. դա Արցախի Հանրապետությունն է, և մնում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ լուծումը պահպանի և պաշտպանի:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում