Նոր մանրամասներ` Երևանում պատանիների դանակահարության դեպքից. կասկածյալի ինքնությունը հայտնի է

Դեկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 պատանի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշվածները տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի 29 հասցեում գտնվող Ոսկու շուկայի մոտ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 17-ամյա Մարտիկ Ո.-ի հետ, ով էլ կասկածվում է Երևանի բնակիչներ, 18-ամյա Հովսեփ Մ.-ին, 17-ամյա Սերգեյ Ղ.-ին և 18-ամյա Էմիլ Կ.-ին դանակահարելու մեջ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Մարտիկ Ո.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 պատանի ՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն և 18-ամյա Հովսեփ Մ.-ն կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, 18-ամյա Էմիլ Կ.-ն` դաստակի և ականջի մասում ստացած վնասվածքով: