Միհրան Հակոբյանը մանիպուլացնում է IRI-ի տվյալները. fip.am

ՍԴ-ն իրավապահ մարմին չէ

Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ ըստ օրերս հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման՝ «իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը»։

IRI-ի վերջին հարցումը հրապարակվել է դեկտեմբերի 9-ին։ Այն իրականացվել է Հայաստանի ամբողջ տարածքում՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։ 

Հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի պետական մարմիններին (էջ 26)։ Հարց է ուղղվել, թե մասնակիցներն ինչ կարծիք ունեն պետական այս կամ այն մարմնի գործունեության վերաբերյալ։ Հարցվածները հայտնել են դրական կամ բացասական կարծիք։

Անճշտություններ Հակոբյանի գրառման մեջ

Միհրան Հակոբյանի հայտարարության մեջ կա երկու անճշտություն։ Նախ, Սահմանադրական դատարանն (ՍԴ) իրավապահ մարմին չէ, այլ դատական իշխանության մարմին է։ Հայաստանում իրավապահ մարմիններն են ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլն։ 

Հակոբյանը նաև պնդում է կատարում, որ «Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի է, քան դատախազությունը-դատախազական համակարգը և դատարանները»։ Նա նշում է, որ եթե ՍԴ-ի մասին դրական կարծիք է հայտնել հարցվածների 40 տոկոսը, ապա դատախազության մասին՝ 38 տոկոսը, իսկ դատարանների մասին՝ 36 տոկոսը։ Այս պնդումները համապատասխանում են իրականությանը։ 

Այս թվերի վրա հիմնվելով՝ Հակոբյանը պնդում է, որ այսպիսով «ջախջախում է իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլի Փաշինյանի կողմից ներկայացվող այն մերկապարանոց «հիմնավորումը», թե Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պետք է հրաժարական տա, քանի որ, իբր, չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս հարցումն ապացուցում է ուղիղ հակառակը՝ Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը»։

Չնայած, որ Սահմանադրական դատարանի մասին դրական կարծիքներն ավելի շատ են, քան դատախազության և դատարանների մասին, սակայն ՍԴ-ի վարկանիշը, նույն IRI-ի հարցմամբ, ամենացածրերից է պետական ինստիտուտների շարքում։ Բացասական կարծիքները ՍԴ-ի մասին 51 տոկոս են կազմում, իսկ դրականները միայն 40 տոկոս։ Այս տվյալները Միհրան Հակոբյանը չի նշում։ Անհասկանալի է, թե ինչպես սա հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ «Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը»։

Հատկանշական է, որ Հակոբյանի կողմից վկայակոչված IRI-ի հարցման մեջ իրավապահ մարմիններից միայն գլխավոր դատախազությունն է ներառված։ Ոչ ԱԱԾ-ի, ոչ ոստիկանության, ոչ այլ իրավապահ մարմինների գործունեության մասին հարցման մեջ տվյալներ չկան։ Եվ այս դեպքում համեմատությունը տեղին չէ։  

Հակոբյանի սխալները՝ Tert.am-ում

Ավելին, նման սխալ ձևակերպումներ կան նաև Միհրան Հակոբյանի կողմից համահիմնադրված «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ին պատկանող Tert.am կայքի նյութում։ Tert.am-ը հրապարակել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ հարցազրույցը։ Հարցազրույցի վերնագիրը մոլորեցնող է։

Հոդվածի հենց սկզբում պարզաբանվում է, որ խոսքը «իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահության» մասին է, որը, ինչպես արդեն նշեցինք, սխալ ձևակերպում է։ ՍԴ-ն իրավապահ մարմին չէ, իսկ իրավապահ մարմիններից միայն մեկը կա ցանկում։

Անի Գրիգորյան

fip.am