Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է. Անդրանիկ Քոչարյան

Իսկ հակասությունները 2008 թվականի արդյունք են և չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա

Իմ և Ռուբեն Հայրապետյանի հակասությունները 2008 թվականի արդյունք են և չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա։

Այս մասին 2016 թվականին նկարահանված «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման  ժամանակ ասել է ներկայումս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, տեսանյութը հրապարակել է Politik.am-ը։ 

«Ռուբենը Հանրապետյանը իմ ընկերն է և ինքը պարբերաբար, ինձ հետ միասին եղել է Հրանտ Մաթևոսյանի տանը որպես ցանկալի հյուր: Շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիների պատասխանատվությունը Ռուբենը վերցրեց իր վրա Ամերիկայում բնակվող մեր մեկ այլ ընկերոջ՝ Վարդանի հետ միասին: Առաջին վիրահատության բոլոր ծախսերն արել է Ռուբենը, իհարկե դրանում դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը։ Իր մտածումներն այն ժամանակ լրիվ այլ են եղել, ինքն ուզեցել է Հայաստանի համար մի բան անել, որը չի թմբկահարել, ինչպես անում են շատերը, որոնք ունեն հեռուստաընկերություններ։ Իսկ հակասությունները 2008 թվականի արդյունք են և չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա»,-ասել է նա։ 

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս «168 ժամ» լրատվականի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ նշել էր. «Անդրանիկ Քոչարյանը, որը իմ նախկին ընկերն է եղել 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը. «Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:

Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:

Դուք, մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:

Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:

Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու»: