Լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այն հայտարարությանը, թե հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Արտաքին գործերի նախկին նախարարը շեշտեց՝ ինքը վերջին ճշմարտությունների տեսության ջատագովը չէ, և բացատրեց Փաշինյանի հայտարարության արդեն երևացող վտանգավոր հետևանքները:
«Դեմ չեմ, որ մարտավարական արվեստում նորարարություններ լինեն: Եթե այս նորարարությունը մտցնում ես միջազգային ասպարեզ քո հակառակորդին նեղը դնելու համար, կարելի է:
Կարող ես ինչ-որ նորարարություն մտցնել, որ քո հակառակորդը մանևրելու տեղ չունենա, որ ասես ինչ-որ բան, և նա չկարողանա որևէ բան ասել: Օրինակ, ասես՝ սա եմ ասում, իսկ Ալիևը չկարողանա որևէ բան ասել: Հիմա Արցախի սուբյեկտությունն ընդգծելու համար հետաքրքիր միտք է, նաև ուզում ես ասել, թե ով է Ադրբեջանի ժողովուրդը, քանի որ կան նաև փոքրամասնություններ: Սա հետաքրքիր փիլիսոփայական մոտեցում է, բայց դրանից կես քայլ այն կողմ Լավրովի պատասխանն է. մի քանի շաբաթ անց նա գնում է Ադրբեջան և ասում է ոչ թե՝ «ժողովուրդներ», այլ՝ «բնակիչներ»:
Նա ասում է՝ Արցախի, Ադրբեջանի և ՀՀ-ի բնակիչներ, իսկ «բնակիչները» բերում է համայնքների և հասնում հայտնի ադրբեջանական թեզին՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»: Շատ զգույշ պիտի լինենք: Նախագահի, վարչապետի խորհրդականները շատ զգույշ պիտի լինեն իրենց խորհուրդների ժամանակ, որ այդ «խորամանկ» խորհուրդները, որ տալիս են Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, որն այդ պահի համար հետաքրքիր է, բայց վաղը-մյուս օրն ինչի կարող են բերել Լավրովի շուրթերով արդեն Բաքվում:
Կարող է՝ Փարիզում արևմտյան ականջին դա հաճելի է, բայց նույն բանը փչացած հեռախոսի տարբերակով և Լավրովի շուրթերով «համայնքային» վերծանմամբ է հնչում»,- զգուշացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցմանը, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի բացառել, որ թույլ տրվի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցությունը բանակցություններին, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահն արձագանքեց՝ դա գոյություն չունեցող տարբերակ է:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այն բարոյաիրավական, քաղաքական իրականություն է:
«Սրանից ավելին այն է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Օսմանյան Թուրքիայի պահոցները լիքն են հարյուր-հազարավոր փաստաթղթերով, որոնք փաստում են՝ ոչ միայն Ցեղասպանություն է տեղի ունեցել, այլև՝ հայրենազրկում: Եվ սրա պատասխանն ու հատուցումն անպայման գալու է»,- լրացրեց միտքը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահը, հայտնում է 168.am-ը:
0Comments