ԱՄՆ Հայ դատի արևմտյան գրասենյակը` Սենատի բանաձևի մասին

Պատմության մեջ առաջին անգամ է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ

ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո ԱՄՆ Հայ դատի արևմտյան գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ։ Ողջունելով Սենատի որոշումը՝ Հայ դատը նաև մատնանշել է այն կարևոր ուղերձները, որոնք պարունակում է այդ բանաձևը։

«Պատմության մեջ առաջին անգամ է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ։

Ներկայացուցիչների Պալատի N296 և Սենատի N150 բանաձևերը միմյանցից անկախ են՝ արտահայտելով առանձին պալատների դիրքորոշումները և ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ ևս մեկ քայլ առաջ տանելով համայն հայության պայքարը ուղղված պատմական ճշմարտությանն ու արդարությանը։

Միանման երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝

1. Բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը

2. Խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու այս մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունը

3. Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։

ԱՄՆ-ի Սենատն օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի ենթարկելով իրենց իսկ հեղինակությունն ու աշխատանքը»,-նշված է հայտարարության մեջ։