Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չապահովող առաջարկներն անընդունելի են Հայաստանի համար. ԱԳՆ խոսնակ

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է և վերջին անգամ Բրատիսլավայում արտգործնախարարն իր ելույթի ժամանակ նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին։

«Ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար», - tert.am-ի փոխանցմաբ՝ ասաց նա։

ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ «Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի կամ, պարզապես, չի ցանկանում ընկալել», - ասաց Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։


Հիշեցնենք, որ Ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: