Եթե իշխանությանը կոմֆորիտից չես զրկում, նրա վեջն էլ չի. Վիգեն Հակոբյան

Բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել եւ, երեւի թե մոռացել են նախկիններին, որովհետեւ այսօրվա պրոբլեմները լուծողը այսօրվա իշխանությունն է

ա

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ իշխանությունները հանդուրժող են բողոքի ակցիաների նկատմամբ, քանի դեռ չեն օգտագործվում իրենց տեխնոլոգիաները։

«Քանի դեռ այս կամ այն խնդրի լուծման համար պայքարող տարբեր խմբեր դիսկոմֆորտ չեն առաջացնում իշխանության համար, քանի դեռ խաղաղ նստած են այս կամ այն կառույցի աստիճաններին, քանի դեռ երգում են, կարդում են, չեն խոչընդոտում երթեւեկությանն ու գերատեսչությունների բնականոն գործունեությանը, իշխանությունը որեւէ լուրջ ռեակցիա չի տալիս, բայց երբ այս կամ այն ակցիայի մասնակիցները դիմում են նույն իշխանությունների կողմից կիրառված մեթոդներին, կիրառվում է համապատասխան կառույցների կողմից այսպես ասած «ուստանովկան», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով տարբեր լոկալ բողոքի ակցիաների ժամանակ իշխանության արձագանքին։

Մասնավորապես, անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների եւ ուսանողների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառմանը, Վիգեն Հակոբյանը նկատեց՝ այդ գործողությունները եղան այն ժամանակ, երբ ՀՅԴ-ական երիտասարդները ոստիկանական պատը ճեղքեցին եւ մոտեցան նախարարության դռներին, ապա փակեցին ճանապարհը։

«Կարծում եմ, ի սկզբանե, համապատասխան կառույցների կողմից, այսպես ասած, «ուստանովկա» կար՝ քանի դեռ չեն խոչընդոտում բնականոն գործունեությունը, միջոցներ չեն ձեռնարկվում։Տեխնոլոգիան չի փոխվել, եթե իշխանությանը կոմֆորիտից չես զրկում, նրա վեջն էլ չի»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Վիգեն Հակոբյանի խոսքով, այս տեխնոլոգիան, առհասարակ, բնորոշ է բոլոր իշխանություններին, բայց, ի տարբերություն մյուսների, Փաշինյանի իշխանությունը շատ բարդ ու երկիմաստ վիճակում է հայտնվել։ «Իրենք հայտնվել են անհարմար իրավիճակում, որովհետեւ ոչ միայն ՀՅԴ-ականներն ու մյուս երիտասարդները, այլեւ մի քանի օր առաջ ավտոներկրորղները եւ առհասարակ, մյուս բողոքավոր խմբերը միշտ ասում են՝ ինչու իրենց կարելի էր փողոց փակել, մեզ՝ ոչ, այսինքն, արդեն կան տաբուներ ու կարմիր գծեր, որոնք հատվել են եւ մյուսներն էլ, որ բողոքում են այսօրվա իշխանությունների դեմ, ասում են, որ դրանք արդեն կարմիր գծեր չեն , դրանք սովորական պայքարի մեթոդներ են»։
Ըստ քաղտեխնոլոգի, այս տեսանկյունից, իշխանությանը դեռ ավելի բարդ ժամանակներ են սպասվելու, երբ օրինակ Ամուլսարի հարցը նորից առաջին պլան մղվի եւ իշխանությունը կանգնի դիլեմայի առջեւ։

«Պայքարի նոր ստանդարտներ են առաջացել, որոնք ներդրվել են հենց Փաշինյանի եւ մյուս հեղափոխականների կողմից։ Հիմա մյուսներն էլ են այդ ստանդարտները կիրառում եւ դա մեղմ ասած, անհարմար իրավիճակ է ստեղծում իշխանության համար, որի պատասխանները, գոնե հրապարակային դիսկուրսում իշխանությունը դեռեւս չունի»։

Վիգեն Հակոբյանը հիշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո սկսված լոկալ ակցիաներին պատասխանում էր՝ հայտարարելով, թե այն ժամանակ օտար իշխանություն էր եւ իրենք նրա դեմ էին ընդվզում, հիմա՝ ժողովրդի իշխանությունն է։ «Մեկ ու կես տարի հետո, կարծես թե, այդ արգումենտը չի աշխատում, որովհետեւ մարդիկ ասում են, որ ընդդիմանում են իշխանության այսինչ քաղաքականությանը, այնինչ քայլին եւ խնդիրն այն է, որ իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է՝ իրենք պայքարում են նախկինների դեմ, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել եւ, երեւի թե մոռացել են նախկիններին, որովհետեւ այսօրվա պրոբլեմները լուծողը այսօրվա իշխանությունն է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը։

Աղբյուր` Փաստինֆո