Քոչարյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ դատարանի գործը քննող դատավորը հասկանում է, որ մեծ խնդիր է հետագայում առաջանալու ՄԻԵԴ-ում

hayeli.am-ի   տեղեկություններով` Վերաքննիչ դատարանը կբավարարի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, եւ նա ազատ կարձակվի: Բանն այն է, որ այլեւս առոչինչ են այն կասկածները, թե Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի նախաքննությանը: Այդ փուլն արդեն ավարտին է հասնում, եւ գործը կմտնի դատարան: Քանի որ այն իրավական տեսանկյունից խոցելի է, ուստի Վերաքննիչ դատարանի գործը քննող դատավորը հասկանում է, որ կալանքի որոշումը չբեկանելու դեպքում մեծ խնդիր է հետագայում առաջանալու ՄԻԵԴ-ում:

Հայտնի է, որ Վերաքննիչ դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների բողոքի քննության ժամանակ մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մխիթար Պապոյանին։  Դատախազը հիմնավորել է, որ դատավորի հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ՝ Քոչարյանի վերաբերյալ քննության հարցով։ Հետևաբար դատարանն, ըստ դատախազի, չի կարող լինել անաչառ։ Մեղադրողի միջնորդության կապակցությամբ առարկել են Քոչարյանի պաշտպանները, տուժող կողմը պնդել է՝ դատավորի անկողմնակալությունը կասկածահարույց է։ Եթե նույնիսկ բացարկի միջնորդությունը բավարարվի, միեւնույն է դրանից որոշումը չի փոխվի, պարզապես գործընթացը կերկարի: