Փաշինյանի կարծիքով՝ ՀՅԴ-ի ապագան Հայաստանում վտանգված է. չուկ չակ չարակ չակ

Թող մեզ հետ քմահաճույքներով ու շանտաժով չխոսեն

Կրթության ոլորտում քաղաքականությունը վարում է ոչ թե որևէ անձ, այլ վարում է ՀՀ կառավարությունը: Ես, ըստ էության, քննարկվող հարցերի շուրջ տվել եմ պարզաբանումներ: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին:

Փաշինյանի խոսքերով, չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք, առավել ևս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին. «Ես կարծում եմ՝ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ, գնահատական չտա իր վերնախավի մի հատվածի հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, այդ քաղաքական ուժը Հայաստանում չունի ապագա, որքան էլ դա ցավալի հնչի»:

Փաշինյանն ասաց, որ վերոնշյալը վերաբերում է բոլոր այն ուժերին, որոնք այդ քաղաքական ուժի հետ մեծ ու կլոր սեղանի շուրջ նստած էին. «Հեռացող գնացքի անիվների տրոփյունն ենք լսում: Մի հատ երգ կար «Չուկ չակ, չարակ, չակ»:

Ամեն դեպքում վարչապետը նշեց, որ պետք է լսել կրթության ոլորտի վերաբերյալ բոլոր փաստարկները, քննադատությունները, ի գիտություն ընդունել, ընդունել սխալները. «Սակայն քմահաճույքներով չենք առաջնորդվելու: Թող մեզ հետ քմահաճույքներով ու շանտաժով չխոսեն»: