Կատարյալ մարդը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ջանացեք լինել այն Բարեկամը, ինչպիսին որ Ես Եմ պատկերացնում ձեզ
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Դեկտեմբերի 3

Հանեք ձեր ոտքերից կոշիկները և լուռ մոտեցեք՝ երկյուղով ու խոնարհությամբ: Մոտեցեք, ինչպես Մովսեսը մոտեցավ այրվող մորենուն:

Ես ձեզ տալիս եմ պարզ մտերմությունը բարեկամի, բայց և ասում, որ Աստված Եմ միաժամանակ: Մեր առնչության սքանչելիքը, որ Ինձ հետ ունեցած ձեր մտերմության հրաշքն է, բացառիկ նշանակություն կստանա այն ժամանակ, երբ կարողանաք տեսնել ՎԵՀԱՓԱՌ ՊԱՏԿԵՐԸ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ:

Մոտեցեք բացարձակ վստահությամբ. այս է ամենագերազանց աղոթքը: Ուրեմն էլ ավելի մոտեցեք, ոչ թե աղաչեք հեռվում կանգնած. մոտեցեք՝ իմանալով, որ մերձեցել եք մի Աստծո, որ կրակի վեհությամբ ու ահավորությամբ է զգեստավորված: Մոտ եկեք ոչ թե իբրև աղերսողներ, այլ՝ լսողներ: Ես Եմ Աղերսողը, երբ ձեզ եմ հայտնում Իմ ցանկությունները: Որովհետև Այդ Փառահեղ ու Ահեղ Աստվածը Եղբայր է միաժամանակ, որ մեծ բաղձանքով կամենում է, որ դուք ծառայեք ձեր Եղբայր-Մարդուն և ցանկանալով ցանկանում է, որ դուք հավատարիմ լինեք այն Պատկերացումին ու Գաղափարին, որ ունի ձեր հանդեպ:

Դուք հաճախ եք խոսում այն մտերիմ մարդկանց մասին, ովքեր ցած մնալով իրենց մասին ունեցած  ձեր պատկերացումից՝ հուսախաբ են արել ձեզ. չեն համապատասխանել իրենց իդեալական կերպարին: Իսկ Ես ի՞նչ ասեմ, երբ ամեն մարդու համար կա Ճշմարիտ Իդեալական Կերպարը, որ Ես Եմ տեսնում նրանց մեջ: Մարդը, որ Կարող է Լինել, մարդը, որ Ես կուզենայի, որ այդպիսին լիներ: Պատկերացրեք զգացումը Իմ Սրտի, երբ մարդը չի կարողանում կատարել այն խոստումը, որ տվել է և որը կատարելու հնարավորությունը ունի ինքը:

Մեծ ու անքանակ հուսախաբություններ ապրած կլինեք ուրիշների պատճառով, բայց իմացեք, որ դրանք ոչինչ են ՝ համեմատ այն հուսախաբությունների, որ դուք եք Ինձ պատճառել: Հիշեք այս և ջանացեք լինել այն Բարեկամը, ինչպիսին որ Ես Եմ պատկերացնում ձեզ: