ԱԺ պատգամավորները 10 ամսում 14 անգամ պարգեւավճար են ստացել՝ մոտ 1.9 միլիոն դոլար

Նախկինում պատգամավորները մեկ անգամ են պարգեւավճար ստացել՝ տարեվերջին, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը հունվարից մինչեւ նոյեմբեր՝ 10 ամիսների ընթացքում 14 անգամ պարգեւավճար են ստացել։ Պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ, մոտավորապես 1,9 միլիոն դոլար, ինչը հաստատել է նաեւ խորհրդարանի աշխատակազմը։ Պարզվում է հեղափոխական իշխանությունը խորամանկ լուծում է գտել պատգամավորների, ինչպես նաեւ նախարարների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Հայտնի է, որ նրանց աշխատավարձերը կարգավորվում են օրենքով եւ որպեսզի աղմուկ չբարձրանա ու ակնհայտ չդառնա, որ իրենք՝ որպես ժողովրդի մի մասնիկ գալով իշխանության ոչ թե թեթեւացրել են ժողովրդի բեռը եւ բարելավել նրա կյանքը, այլ իրենց կյանքն են հեշտ ու հաճելի դարձրել, որոշել են այլ լուծում տալ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլը գաղտնազերծեց, որ նախարարները Փաշինյանի գաղտնի որոշմամբ 2019-ի տարեսկզբից սկսած իրենց աշխատավարձի չափով պարգեւավճար են ստացել՝ 1․5 միլիոն դրամի չափով։

Պարզվում է՝ պատգամավորների վարձատրության հարցն էլ լուծել են 2019 թվականի բյուջեով։ Երեկ Էդմոն Մարուքյանը մեր լրագրողին ասել է, որ, այո, իրենք ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով ավել գումար են ստանում՝ «դրա համար եմ ամիսներ շարունակ ասում, բերեք՝ բարձրացնենք աշխատավարձերը»։ Նշենք, որ 30 տոկոսը տարբեր պատգամավորների դեպքում տարբեր թիվ է կազմում, որովհետեւ շարքային պատգամավորները ստանում են ավելի քիչ՝ մոտ 145-150 հազար դրամ հավելավճար, իսկ հանձնաժողովի նախագահները, խմբակցության ղեկավարներն ու ԱԺ փոխխոսնակներ- նախագահը՝ 465 հազար դրամ։ Նախկինում պատգամավորները մեկ անգամ են պարգեւավճար ստացել՝ տարեվերջին, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ, բացառիկ են եղել դեպքերը, երբ որեւէ պատգամավորի պարգեւատրել են կատարած աշխատանքի համար մեկից ավելի աշխատավարձի չափով։ Ի դեպ, ԱԺ աշխատակազմն էլ է վերջին 3-4 ամիսներին պարգեւավճար ստացել։

hraparak.am