«Թող փորձի». Լևոն Քոչարյանը՝ Ջհանգիրյանի մասին

Չեմ զարմանում, այն մարդիկ են այդպես խոսում, ովքեր, մեծ հաշվով, թքած ունեն թե զոհերի վրա, թե մարտի մեկի տուժողների վրա

«Գագիկ Ջհանգիրյանը փորձում է, թող անի, չգիտեմ էլ՝ ինչպես վերաբերեմ, ինչքանով ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»:

Այս մասին այսօր ասաց Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի երկու հրամանագրերը վիճարկելուն:

Մեր մյուս հարցին, թե հաշվի առնելով, որ պաշտպանական կողմի բողոքներից երկուսը մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի  դատավորների, ինչ ակնկալիք ունի ինքը այդ դատարանից, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Դատավոր Դանիբեկյանի հետ կապված սկզբում հույս էի հայտնում ու ակնկալում, որ նա չի տրվի ճնշումներին, չի վախենա Դավիթ Գրիգորյանի օրինակից եւ իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն, բայց տեսանք, որ այդպես չեղավ, նա հետեւում է իշխանության սպառնալիքներին, եւ անում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Վերաքննիչի մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն խիզախություն, պրոֆեսիոնալիզմ՝ գործելու օրենքի սահմաններում, ոչ թե անելու այն, ինչ իրենից ակնկալում են իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով», հայտնում է armtimes.com-ը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը թեժ աշուն էր խոստացել, Լեւոն Քոչարյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ աշունը թեժ էր: Նա նաեւ հերքեց տեղեկությունը, թե ինքը կամ իր եղբայրը առաջիկայում կուսակցություն կհիմնեն:

Խոսելով այն քննադատույուններից, թե պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, Լեւոն Քոչարյանն ասաց. «Տարօրինակ է. նախ, մենք  ձգձգելու միտում չունենք: Որ լսում ենք, ասում են՝ այ, կտեսնեք, թե հեսա ինչ բաներ են բացահայտվելու, բայց ամբողջ նյութերը կան, դուք տեսաք՝շատ ցուցմունքեր էլ հրապարակվեցին, այսինքն՝ ուզում են պատրանք ստեղծել: Բայց ես ուզում եմ հիասթափեցնել, որ ոչ մի բան էլ չի լինելու, հակառակը, այն, ինչ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասումը ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, կհիշեք՝ քանի ամսով գործի քննությունը ձգձգվեց հունիսի 25-ից հետո, երբ Դավիթ Գրիգորյանի հանդեպ գործ բան արվեց, հետո չէին ուզում գործը մակագրել, այսինքն՝ մեր պատճառով չէր: Հետո, Աննա Դանիբեկյանը շաբաթական մեկ նիստ է նշանակում, ինչո՞ւ չեն ուզում բողոքել, որ իրենց նոր Հայաստանի դատավորը այդպես է անում, թող ամեն օր նիստ նշանակվի: Վիրահատության պատճառով հայրս մի քանի օր չկարողացավ գալ, սկսեցին, բժիշկ էին դարձել, դիագնոզներ էին դնում»:

Լեւոն Քոչարյանը հիշեցրեց, որ փաստաբանները արդեն բացատրել են, որ պրոցեսն է այդպես, եթե այս փուլում չներկայացնեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո էլ չեն կարողանա:

Դիտարկմանը, թե Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքները կապում են Մարտի 1-ի գործի հետ, Լեւոն Քոչարյանն ասաց. «Չեմ զարմանում, այն մարդիկ են այդպես խոսում, ովքեր, մեծ հաշվով, թքած ունեն թե զոհերի վրա, թե մարտի մեկի տուժողների վրա: Դա, սակայն, ստորություն է»,-ասաց նա: