Եթե Դատախազությունը ծածկադմփոց անի, բացահայտումն անելու է հաջորդ իշխանությունը. Խաժակյան. տեսանյութ

Քաղաքային իշխանությունները կոռուպցիան հիմա կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կոչում

Աղբատար «ԿամԱԶ»-ները եղել են ոչ թե անհատույց նվիրատվություն քաղաքին, այլ դրա դիմաց կազմակերպությունները ստացել են շինթույլտվություններ, ինքնակամ կառույցների օրինականացումներ: Քաղաքային իշխանությունները կոռուպցիան հիմա կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կոչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Օրինակ՝  Օհանով 15/1 հասցեում է գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը», որը, այսպես ասած, նվիրատվություն է կատարել և Օհանով 15/1 հասցեն, որ որպես ինքնակամ շինություն է, օրինականացվել է: Մեկ այլ դեպքում, ես տեղեկություն ունեմ, որ թույլ էին տվել ավելի շուտ սկսել շինարարությունը, քան տվել էին շինթույլտվությունը և գնացել էին, հետին ամսաթվով տուգանք են նշանակել, որպեսզի գոնե այդ խնդիրն իրենց վրայից դուրս գա: Սրանք ինչ են, եթե ոչ գործարք, եթե ոչ քաղաքաշինությունն առևտրի վերածելու միջոց»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Նա հավաստիացրեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմած անձինք բախվել են բազմաթիվ խնդիրների. «Ես որևէ գործարարի որևէ բան չեմ կարող ասել, որովհետև, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանն ինքն է սրան հանդիպակաց առաջարկություն արել: Այս կազմակերպությունները երբ դիմել էին շինթույլտվության համար, նրանց շինթույլտվության տրամադրումն ամիսներ շարունակ ձգձգվել է, մերժել են, հետո առաջարկել են, ասել են՝ եթե դու այս գործարքին գնաս, այդ դեպքում շինթույլտվությունը կտանք»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարեցին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե իրեն այսօր էլ հարցնեն, թե Սամվել Ալեքսանյանն աղբատար մեքենա նվիրել է քաղաքին, կասի՝ ոչ:

«Պարոն Մարությանը կարող է պնդել, որ ինքը չի տիրապետում, թե ում է պատկանում «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը: Կարծում եմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը տեղյակ է դրա մասին, և դա ընդհանրապես քննարկման ենթակա չէ, ուստի լավ կլիներ քաղաքապետն այլ մասին մտածեր, որ իր տված կեղծ ինֆորմացիան ինչ-որ կերպ շտկեր»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ քաղաքապետին հրավիրել է բաց, հրապարակային բանավեճի, քանի որ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում չի պատասխանել իր հարցադրումներին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել:

Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ դատախազությունն այս կոռուպցիոն կծիկը պետք է բացի, քանի որ այն «Երևան հիմնադրամի» կոռուպցիոն գործարքների կրկնությունն է:

«Հեղափոխությունից հետո մի բան եմ սովորել, որ որևէ գործողություն, հանցանք անպատիժ չի մնում: Եթե իրենք հանդգնեն սա ծածկադմփոց անել՝ առանց հարցերի պատասխանները տալու՝ անտեսելով բոլոր մեր բարձրաձայնած խնդիրները, դա կնշանակի, որ այդ առերևույթ հանցանքների բացահայտումն անելու է հաջորդ իշխանությունը: Հիմա եթե իրենք համոզված են, որ մնալու են անպատիժ, դա երկար չի տևելու, թող իրենք իրենց աչքի առջև ունենան նախկինի փորձը, որ անպատիժ ոչինչ չի մնալու»,- նշեց «Լույս» խմբակցության  ղեկավարը:

Նա նաև նշեց, որ ճարտարապետական միջին և խոշոր բոլոր տեսակի հարցերում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը տալիս է գլխավոր ճարտարապետը:

«Անկասկած, գլխավոր ճարտարապետն իր ստորագրությունը փաստաթղթերի տակ դնում է: Անկեղծ ասած, չեմ կարող պարոն Մեսչյանին որևէ քննադատական խոսք հղել, որովհետև նա իմ պատանեկության մտավորականներից էր, բայց պետք է ասեմ, որ այս ամենից հետո ես իմ տեղը պարզապես չեմ գտնում: Հիմա, փաստորեն, նա գնում է այդ գործարքներին, գուցե այն համոզմունքով, որ լավ բան է անում քաղաքի համար կամ իրեն այլ կերպ են ներկայացնում, ես չգիտեմ, բայց սա կոռուպցիոն կծիկի ներգրավվածության նշան է, ինչի համար շատ ցավում եմ: Հուսով եմ՝ պարոն Մեսչյանը մի օր կանդրադառնա այս հարցին և իր քայլերը կհիմնավորի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: