Մարությանի դուխովները հրահանգավորված անցնել հակահարձակման․ թիրախում «Լույսն» ու «Լուսավորն» են

«Իմ քայլում» ոչ բոլորն են «դուխով» պաշտպանում Մարությանին և կան կան այնպիսիք, որոնք գոնե հոգու խորքում գիտեն, որ Խաժակյանն ու մյուսները ճիշտ են, Մարությանը՝ սխալ

Հայկ Մարությանի՝ մանիպուլյացիաներով, զավեշտալի հայտարարություններով ու ստերով լի «լայվից» հետո, երբ Դավիթ Խաժակյանը վայրկյաններ անց փաստերով «բռնեց» Մարությանի ստերը, «իմքայլականները» տևական ժամանակ լուռ էին մնում։ Երևի չէին կողմնորոշվում՝ ինչպես պաշտպանեն իրենց քաղաքապետին։ Որոշ ժամանակ անց, սակայն, որոշեցին անցնել հակահարձակման՝ փորձելով այդպիսով կոծկել Մարությանի ստերը։

Սկզբում մարտի նետվեցին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, որոնց միացավ նաև Կառավարության հայտնի տեղեկատվական և վերլուծական ՊՈԱԿ-ի «բուծած» ֆեյքերն ու բոտերը։ Երկու օր է՝ նրանք թիրախավորել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներին՝ փորձելով «լուսավորյալների» անցյալում գտնել «մութ ու ցուրտ» կողմեր։ Բայց, եթե Դավիթ Խաժակյանն ու «Լույսի» կամ ԼՀԿ-ի մյուս անդամները Հայկ Մարությանին քննադատում են ու նրա ստերը բացահայտում են հստակ փաստերով՝ առանց վիրավորանքների ու հայհոյանքների, ապա իշխանական կողմը, չբերելով որևէ փաստարկ Լուսավորի դեմ, պարզապես հայհոյում է, ծաղրում, փնովում։

Մեզ ասացին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները վերևից հրահանգ են ստացել՝ ամեն գնով պաշտպանել իրենց քաղաքապետին ու «փչացնել» ընդդիմախոսներին։ Թեպետ՝ «Իմ քայլում» ոչ բոլորն են «դուխով» պաշտպանում Մարությանին և կան կան այնպիսիք, որոնք գոնե հոգու խորքում գիտեն, որ Խաժակյանն ու մյուսները ճիշտ են, Մարությանը՝ սխալ։

Եվ դա Խաժակյանը երեկ ապացուցեց փաստերով ու փաստաթղթերով, թե ինչպես է Հայկ Մարությանը մանիպուլացնում փաստերը, ցույց տալիս փաստաթուղթ, որտեղ իբրև թե իր տեղակալի ստորագրությունն է, բայց կադրը մոտեցնելիս պարզվում է՝ իր ստորագրությունն է, էլ չենք խոսում Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի հետ «կապ չունենալու» վերաբերյալ մանկական ու պարզունակ բացատրությունների մասին, որ տվեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իրեն դարձնելով համատարած ծաղրի առարկա։

Մինչդեռ, «Իմ քայլի» ավագանու անդամները փորձում են «մարտը վարել» էժանագին մանիպուլյացիաների և հայհոյանքների հասնող գրառումների միջոցով։ Ահավասիկ, դրա օրինակներից մեկը, որտեղ երևում է Մարությանի թիմակիցների՝ քննադատություններին հակադարձելու մակարդակն ու ներուժը։

1
1

Hraparak.am