ՀՔԾ-ն անկախ է․ Փաշինյան

Բայց դրա գործունեության համար շատ կարեւոր են քաղաքական համատեքստը եւ մթնոլորտը

Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերը, ու իր էությամբ ու նաեւ օրենսդրությամբ այս կառույցը անկախ մարմին է։ Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարեւոր են այն քաղաքական համատեքստը եւ մթնոլորտը, որ երկրում առկա են: Ինստիտուցիոնալ անկախությունն ինքնին չի նշանակում միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն: Ինչպես ժամանակին ասում էին, առանձին վերցրած երկրում սոցիալիզմ կառուցել հնարավոր չէ, այնպես էլ առանձին վերցրած մարմնում օրինականություն կառուցել, արդարություն ու անկախություն կառուցել հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՔԾ-ի գործունեության, պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների հետաքննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում»,-ընդծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին ու ներկա պաշտոնյաների հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երեւելի, երեւացող փարոս ու դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին: Որովհետեւ հայտարարություններ ռազմավարություններ մինչեւ այժմ էլ ընդունվել են, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացիները, միջազգային հանրությունը տեսնի, որ այդ հայտարարություններին հետեւում են գործողություններ ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունենրի պատշաճ քննության առումով»,-ասաց վարչապետը: