Մնացին պրեմիայի կարոտ

Ցանկացել են պատգամավորներին գոնե մեկ անգամ՝ Ամանորին ընդառաջ, մեկ միլիոն դրամ տան՝ իբրեւ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ

Ամանորին ընդառաջ, hraparak.am-ի տեղեկություններով, ԱԺ-ն կառավարության հետ քննարկել է իր առաջարկն այն մասին, որ եթե նախարարներն ամսական մեկուկես միլիոն ստաբիլ աշխատավարձ են ստանում, ապա պատգամավորները գոնե մեկ անգամ՝ Ամանորին ընդառաջ, մեկ միլիոն դրամ ստանան՝ իբրեւ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ։ Սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համաձայնություն չի տվել։

Բանն այն է, որ նախկինում ամանորյա «պրեմիաներն» ԱԺ աշխատակազմը բաշխել է տարվա վերջում տնտեսած միջոցներից՝ խմբակցություններին առաջարկելով ներկայացնել ցուցակներ, թե ում ինչքան պարգեւավճար տան։ Ըստ այդ ցուցակների էլ՝ ԱԺ ղեկավարությունը բաշխել է նախատոնական պարգեւատրումները։ Հիմա, եթե 1-ական միլիոն պարգեւավճար տային, առնվազն 131 միլիոն դրամ պետք է ԱԺ-ն տնտեսած լիներ այս տարի։ Մինչդեռ ընթացիկ տարում ոչ միայն նման տնտեսված գումար չկա, այլեւ տարվա ընթացքում դիմել են կառավարությանը՝ խնդրելով լրացուցիչ գումար հատկացնել գործուղումների համար։