Իմ գեղեցկությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը՝ ճանաչելու գեղեցկությունը Իմ Սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից

Հիսուս

Նոյեմբերի 27

Մարգարեն կանխավ հայտնեց ճշմարտությունը Իմ Այս Խոսքի. «Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»: Ինչպես և այն, մյուս Խոսքը. «Ով որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի»:

Սահմանված էր, որ Աստված ծնվեր երկրի վրա, սակայն սահմանված չէր, որ Նա իբրև բնակարան ունենար շատ գեղեցիկ մի մարմին, որպեսզի մարդիկ հավատան և հետևեն Իրեն՝ Իր Կերպարանքի Գեղեցկության համար:

Ոչ, սահմանված էր, որ Նա լիներ Մեկը, որին աշխարհը արհամարհեր, սակայն տեսնող աչքի համար այդ մարմնի մեջ բնակվող Հոգին այնքան գեղեցիկ պիտի լիներ, որ որևէ բանի հետ համեմատել իսկ չլիներ: «Այնուհանդերձ, երբ տեսանք նրան, չուներ նա այն գեղեցկությունը, որ ցանկալի լիներ»:

Աղոթք արեք, որ ունենաք այդ տեսնող աչքը, որպեսզի կարողանաք տեսնել գեղեցկությունը Իմ Նկարագրի՝ Իմ Հոգու: Ավելին: Ինչպես որ հավատով տեսնվեց Աստվածային գեղեցկությունը Նրա, ով ձև կամ վայելչություն չուներ, այդպես էլ դուք աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը՝ ճանաչելու գեղեցկությունը Իմ Սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից: Մինչև որ դուք հավատքի աչքերով ի զորու լինեք տեսնելու այն ամենը, որ ցանկալի է տեսնել Իմ մեջ: Այն ամենը, որ աշխարհը փորձեց տգեղացնել՝ անգթությամբ ու կոպտությամբ:

Այո, ճանաչեք Ինձ: Խոսեք Ինձ հետ: Զրուցեք Ինձ հետ: Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ, որպեսզի կարողանամ ձեզ սիրող սրտերին պարզ ու հստակ դարձնել՝ ինչ որ այժմ թվում է անհասկանալի ու աննպատակ, նաև այս՝ «Կերպարանք ու վայելչություն չուներ»: