Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվեր չի ընդունել․ Հակոբ Կարապետյան

Եթե պարոն Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային իշխանությանը, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից

Քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որևէ մեկից, իսկ Սամվել Ալեքսանյանից և նրա հետ փոխկապակցված ընկերություններից առհասարակ նվեր չի ընդունել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խնբակցության հայտարարությանը, թե քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից բեռնատարներ է նվեր ստացել և գաղտնի է պահել հանրությունից։

«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե պարոն Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային իշխանությանը, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից։ Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը ՄԱԿ-ի հռչակագրով ընդունված լայնորեն կիրառելի պրակտիկա է և քաղաքային իշխանությունը ողջունում է դա։ Եթե բիզնեսը վստահում է քաղաքային իշխանությանը, եթե անհատը կամ կազմակերպությունը  ուզում է համայնքին կամ քաղաքին նպաստ բերել այդ նվիրատվությամբ, մենք դա ողջունում ենք»,-նշեց նա։

Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքային իշխանությունը նվերների դիմաց որևէ պարտավորություն կամ արտոնություն բիզնեսին չի տրամադրում։

«Լույս» խմբակցության պնդմանը, թե նվերները պետք է ավագանու որոշմամբ ընդունվեր, Կարապետյանն ասաց, որ ըստ ՏԻՄ օրենքի՝ ոչ բոլոր դեպքերում է, որ ավագանու որոշումը պարտադիր է։

Նա, սակայն, չի հերքում կան անհատներ և գործարարներ, որոնք նվիրատվություն արել են քաղաքապետարանին, սակայն անուններ չի նշում․ «Հասկանալի է, որ կա նվիրատվություն, որի մասին մենք խոսել ենք, դրանք ոչ միայն աղբատարներներ են, այլ նաև շինտեխնիկա, ձնամաքրող տեխնիկա, որոշ դեպքերում բնակմակերես և այլն։

Մամուլի խոսնակի խոսքով՝  առաջիկայում նվերներ կատարած անձանց և ընկերություններին քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնելու։