Երևանում աղբահանություն իրականացնող «Կամազ»-ների մի մասը Սամվել Ալեքսանյա՞նն է նվիրել

Երբ ցանկը տան, կհասկանանք, թե ինչ գործընթացներ կան սրա տակ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:

Պարզաբանում ստանալու համար Խաժակյանը նոյեմբերի 18-ին դիմում է ներկայացրել քաղաքապետին, սակայն պատասխան դեռ չկա, բայց կան շրջանառվող տեղեկություններ, որոնք, ավագանու անդամի կարծիքով՝ կհաստատվեն:

««Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել (արդեն այդպես են, չէ՞, ասում) խոշոր գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից: Սա իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունն է, որը, կարծում եմ՝ կհաստատվի»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Քաղաքապետարանն ավագանու անդամի դիմումին պարտավոր է պատասխանել 21 աշխատանքային օրվա ընթացքում, ուստի դեռևս 16 օր ժամանակ կա: Այդուհանդերձ, Խաժակյանը վստահ է, որ «Կամազ»-ներ նվիրած ընկերությունների ցուցակը ստանալիս՝ այնտեղ կլինեն անուններ, որոնք դեռևս չեն հրապարակվել:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները Դ. Խաժակյանին ի պատասխան՝ ասել են, թե, օրինակ, Չինաստանի դեսպանությունը քաղաքապետարանին ևս մեքենա է նվիրել: Դ. Խաժակյանը կարևորում է հանգամանքը, որ դեսպանությունը միայն մեկ մեքենա է ուղարկել:

«Մնացած 20 մեքենան նվեր է ստացվել այս կամ այն գործարարից, և երբ ցանկը տան, կհասկանանք, թե ինչ գործընթացներ կան սրա տակ»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով՝ ինքը բոլոր հասանելի միջոցներով հաշվարկել և տեսել է, թե քանի «Կամազի» պայմանագրերն են առկա, ու քանիսն են ամրակցվել համայնքային հիմնարկին: Արդյունքում՝ հասկացել, որ 20 մեքենա համայնքային սեփականություն չի հանդիսանում:

Խաժակյանը չի բացառում, որ իրեն կպատասխանեն, թե 20 մեքենան հիմնարկն արդեն ընդունել է՝ որպես նվեր, բայց ավագանու անդամը վստահ է՝ նվիրատուների անունները պետք է հայտնի դառնան: