Քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ծննդյան օրը նշել է ռեստորաններից մեկում` մոտ 26 հյուրերի ներկայությամբ, և վերջում 290 հազար դրամի խաշի հաշիվ է փակել։ Երեկվանից համացանցն այս պարզունակ ինֆորմացիան է քննարկում, թե որտեղից աշխատավարձով ապրող ԱԺ նախագահին նման հնարավորություն, որ 290 հազարի հաշիվ փակի։
Օգտատերերի մի մասն էլ 290 հազարը մեծ թիվ չի համարում ԱԺ նախագահի պես մարդու համար։ Արարատ Միրզոյանն արձագանքել էր այս հրապարակմանը՝ իր վրդովմունքը հայտնելով Սամսոնյանի գրառման վերաբերյալ ու նաև նշելով, որ ռեստորանը, որտեղ նշել է ծննդյան տարեդարձը, պետք է ներողություն խնդրի նման տվյալների արտահոսքի համար։ Բայց ռեստորանի անունը չէր նշել։ Ավելի ուշ «Պանդոկ Երևանը»` ինքը հայտարարություն տարածեց՝ հայցելով իրենց ներողամտությունը Արարատ Միրզոյանից, նման արտահոսքի համար։
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի հիմնադիր Դավիթ Երեմյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Արարատ Միրզոյանն իր ծննդյան օրը նշել է իրենց ցանցի մեջ մտնող «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանում, որտեղ էլ նա 290 հազար դրամի խաշի հաշիվ է փակել իր հյուրերի համար։
Թե ում կողմից է եղել հաշվի վերաբերյալ արտահոսքը, Երեմյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ում կողմից է եղել, բայց փաստացի եղել է, ու մեր ներքին կանոնադրության համաձայն՝ ճիշտ չի դա, մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հաճախորդն իրեն հարմարավետ զգա։ Ու նման արտահոսքեր, նման ինֆորմացիաներ իրավունք չունի դուրս գա մեր կազմակերպության ներսից։ Բայց դուրս է եկել ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ ձևով, որին այսօր չենք տիրապետում, այդ առիթով, եթե ինչ-որ տեղ մեր հաճախորդին նեղվածություն ենք պատճառել, մեր ներողամտությունն ենք հայցում»։
-Իսկ ներքին հետաքննություն անցկացվելո՞ւ է՝ հասկանալու համար, թե ով է եղել արտահոսքի հեղինակը, ինչպես է ստացվել։
-Դա մեր ներսի հարցն է, թողնենք մեզ, բայց փաստն ինքնին անթույլատրելի է, համենայնդեպս, որ մեր ներսից նման բան լինի։ Դա ճիշտ չի, էթիկայի կանոնների խախտում է, մենք էլ հստակ ունենք նման կանոն մեր ներսում, որը պետք չի խախտել։ Մեր կողմից բացթողում է եղել, մենք ինչ-որ ձևով մեր հաճախորդին նեղացրել ենք այդ մասով։
-Ի՞նչ եք կարծում, սա որևէ կերպ կանդրադառնա՞ «Պանդոկ Երևանի» իմիջի վրա։
-Չեմ կարող ասել։ Այսօր կարող է՝ մենք այդ տեսանկյունից չենք նայում, ավելի շատ նայում ենք՝ ինչու ենք մենք մեր հաճախորդին նեղացրել, ու կապ չունի՝ ինչ հաճախորդ է, բարձրաստիճան պաշտոնյա է, թե հասարակ քաղաքացի։ Մեզ համար կարևորը հաճախորդին չնեղացնելն է ամեն առումով։ Եթե Դուք օգտվում եք, գիտեք, մենք ունենք CRM ծրագիր, որով ամեն դժգոհության արձագանքում ենք ու փորձում ենք լուծումներ տալ, որպեսզի հաճախորդը 100 դրամ ծախսելով մեզ մոտ՝ ստանա ավելին, քան այդ գումարն է։
- Վստա՞հ եք, որ հենց ռեստորանի աշխատակիցներից են այդ ինֆորմացիան դուրս տվել, գուցե Միրզոյանի հյուրերի՞ց է եղել արտահոսքը։
-Գիտե՞ք ինչ մասով եմ վստահ, որովհետև թիվն է նշված։ Եթե թիվը նշված չլիներ, կարող էր և հաճախորդ տեսած լիներ, բայց որ գումարի թիվը համապատասխանում է վճարված թվի հետ, դա, ես էլ եմ շատ մտածել այդ մասով, բայց ինձ ասացին, որ անձամբ հենց ինքը՝ Արարատ Միրզոյանն է վճարել գումարը, ու մարդ չի տեսել։ Այդքանով եմ վստահ։ Համենայնդեպս, ես մի բան կարող եմ ասել, որ մենք օրական երեք հազարից ավելի մարդ ենք սպասարկում, ու մեզ մոտ օրվա մեջ տասից ավելի նմանատիպ դեպքեր են լինում, թյուրիմացություններ։ Մարդը ռոբոտ չի, ավտոմատ չի, մարդիկ կարող են սխալվել, կարող են բացթողումներ ունենալ, ուղղակի այս դեպքը հնչեղություն ստացավ նրա համար, որ պաշտոնյա է եղել հաճախորդը։
-Իսկ իրենց կողմից որևէ ճնշում եղե՞լ է «Պանդոկ Երևանի» նկատմամբ։
-Ոչ, ոչ։ Ես ասում եմ՝ նման բաներ լինում են, մենք տեսել ենք, հասկացել ենք, որ անհարմարություն ենք պատճառել մեր հաճախորդին, ու փորձել ենք մեր ներողամտությունը հայցել։ Եվ նույնսիկ մենք ենք առաջինը մեր անունը հրապարակել, ոչ ոք մեր անունը չէր նշել, բայց հստակ մեր մասին է այդ ամենը եղել, բայց մենք չուզեցինք ստվերում սուսուփուս նստել, որովհետև մեր կողմից բացթողում է եղել, ցանկացել ենք մեր ներողությունը հայտնել։
Hraparak.am
0Comments