Նոյեմբերի 24
Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին:
Հիմա դուք կհարցնեք, թե ինչու նեղություններ պիտի ունենաք, երբ Ես հաղթեցի այս աշխարհին:
Իմացեք, որ Իմ Հաղթանակը ոչ թե Ինձ էր հարկավոր, այլ ձեզ համար էր, Իմ որդիներ: Ես հաղթեցի ամեն մի դժվարություն, ամեն մի փորձություն, որ ծառացան Իմ դեմ: Չարի զորությունները ծայր աստիճան լարված, միջոցներ ու հնար էին փնտրում խորտակելու համար Ինձ: Սակայն ձախողվեցին: Իսկ թե ինչպես ձախողվեցին, հայտնի է միայն Ինձ և Իմ Հորը, որ կարող էր տեսնել Իմ Անպարտ Հոգին: Աշխարհը, նույնիսկ Իմ հետևորդները Իմ Կյանքի գործի մեջ կարող էին տեսնել կորցրած դատ: Տեսնելով Ինձ այդպես անարգված, արհամարհված, ծեծված՝ կարծեցին, թե Ես բոլորովին պարտվել եմ: Ինչպե՞ս կարող էին իմանալ, որ Իմ Հոգին ազատ էր, անբեկանելի, անվնասելի:
Քանի որ Ես եկել էի՝ Աստծուն ցույց տալու մարդկանց, պետք է ցույց տայի, որ Աստված անպարտելի է, անվնասելի և անմատչելի՝ չարին ու իր զորություններին: Մարդը չէր կարող տեսնել Իմ Հոգու անվնասելի լինելը՝ բարձրացած այս աշխարհի կատաղի ոգիներից ու դժողքից ի վեր՝Անմատչելի Ներկայության մեջ Ամենակալ Հոր: Սակայն մարդը կարող էր տեսնել Իմ հարուցյալ մարմինը և դրանով հասկանալ, թե մարդու չարության վերջին ճիգն անգամ անկարող է վնասել ինձ:
Այս իրողությունը թող սրտապնդի ձեզ, որովհետև դուք էլ բաժնեկից պիտի լինեք Իմ նեղություններին: Եթե չարը ձեզ հանգիստ է թողնում, նշանակում է՝ դուք չար եք: Իսկ եթե չարը նեղում է ձեզ, եթե փորձությունները սաստկանալով՝ ծանրանում են ձեզ վրա, այդ ապացույցն է, որ դուք Իմ կողմնակիցներն եք և ենթակա աշխարհի ատելությանը:
Բայց արիացեք, քայլեք Ինձ հետ: Ես պարտության եմ մատնել չարը բոլոր առումներով՝ ամեն մի կետում, սրա ապացույցը մարդը կարող է տեսնել առանց որևէ տարակույսի, որովհետև Ես մեռելներից հարություն առա: Իմ անպարտ Զորության միջով դուք այսօր քայլում եք անվնաս:
0Comments