Փաշինյանը փորձում է ցրել կասկածները. Վիգեն Հակոբյան

1996 թվականից հետո բոլոր ընտրությունները, բացի 1999 թվականի ընտրություններից, կեղծվել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցրել կասկածներն այն մասին, որ կարող է հատուկ վերաբերմունք ունենալ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Քաղաքագետը նշեց, թե չի կարելի չհամաձայնվել Փաշինյանի այն հայտարարության հետ, որ 1996 թվականից հետո բոլոր ընտրությունները, բացի 1999 թվականի ընտրություններից, կեղծվել են, չնայած նման պրակտիկայի հիմքերը դրվել էին դեռեւս 1995 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այս հայտարարությունը, սակայն, շատերի համար անսպասելի էր, քանի որ այն առնչվում է Հայոց համազգային շարժման ծաղկման ժամանակահատվածին: «Ինչպես հայտնի է, ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ սերտորեն կապված են այդ ժամանակահատվածի հետ: Սա վերջին շրջանում արդեն երկրորդ հայտարարությունն է, որում Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Առաջինը կատարվել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ»,- նշեց նա: Նրա խոսքով՝ այս բոլոր գնահատականներն անչափ նյարդային են ընդունել ՀԱԿ-ում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 1996 թվականից հետո բոլոր ընտրությունները, բացի 1999 թվականի ընտրություններից, կեղծվել են: