Ես հրաժարական չեմ տա, կարիք չունեմ․ Փաշինյան․ Տեսանյութ

Մեղրին հանձնե՞լն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը

Մեղրին հանձնե՞լն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը, ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ:

Այս մասին Միլանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հայ համայնքի ներկայացուցչի, ով ներկայացավ որպես գիտնական, որ աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում։ Նա մասնավորապես կոչով դիմել էր Նիկոլ փաշինյանին․

«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման:

Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»:

Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ով և որտեղ է տանում այդ ատելության քարոզը,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: «Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»: