Այսպես շարունակվել չի կարող եւ այսպես չի’ շարունակվելու. վարչապետ

Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետեւ կրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետեւ կրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը։

Վերցնենք թեկուզ մեր անկախության 30 տարվա պատմությունը. Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել կոռուպցիոն երեւույթների եւ հենց կրթական համակարգում է ձեւավորվել կոռուպցիայի նկատմամբ հանդուրժող եւ նույնիսկ բարյացակամ վերաբերմունքը։

Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել հովանավորչության եւ կրթական համակարգն է, որ նրան ստիպել է այդ ամենը ընկալել որպես անխուսափելի իրողություն։

Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել հայրենիքից գողացված միջոցներով գցված սեղանի շուրջ հայրենիքի ու ժողովրդի կենացը հոտնկայս խմելու տրամաբանությանը եւ հայրենասիրությունը ընկալել որպես հայրենիքը թալանելու լեգիտիմություն։

Այսպես շարունակվել չի կարող եւ այսպես չի’ շարունակվելու։ Ազատ, արժանապատիվ, պրոֆեսիոնալ, սեփական եւ ոչ թե «պապայի», «մամայի» կամ «հոպարի» ուժերի վրա վստահ քաղաքացի պիտի ձեւավորվի մեր կրթական համակարգում եւ այս նոր գինին պետք է պահվի նոր տիկերի մեջ»: