Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է իրեն ազատ արձակել՝ զավակների թաղմանը մասնակցելու համար. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ծնողները, թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին, ապրում են Ուկրաինայում, նրանք երկար տարիներ է, ինչ բաժանված են

Նոր Հաճնում տեղի ունեցած դեպքից հետո մահացած 4 երեխաների հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

Ըստ կայքի աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Լուսանկարները՝ ArmLur.am-ի։