Պայծառացրո՛ւ Քեզ մեր մտքերում, Տեր Հիսուս. այսօր Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրն է

Դու, Տե՛ր մեր Քրիստոս՝ Որդի և Խոսք Հոր, զորացրիր Քո սուրբ առաքյալին վարդապետության հորդաբուխ խոսքով, հրաշքներ ու սքանչելիքներ գործելու մեջ

Հայր Աստծու ճառագա՛յթ և կերպարանք Տեր մեր Հիսուս Քրիստոս, Դու Քո անսկզբնական Հոր հետ միությանդ էությունը սուրբ Փիլիպպոս առաքյալի խնդրանքով ճանաչելի դարձրիր մեզ՝ ասելով, որ հավատով տեսնի Քեզ՝ Հոր Ճառագայթիդ, կտեսնի նաև Հոգեղեն արեգակին՝ Քո Հորը և մեր Աստծուն:

Դու, Տե՛ր մեր Քրիստոս՝ Որդի և Խոսք Հոր, զորացրիր Քո սուրբ առաքյալին վարդապետության հորդաբուխ խոսքով, հրաշքներ ու սքանչելիքներ գործելու մեջ, որ ձեռքը դնելով՝ Քո անվամբ բժշկեց երկար ժամանակ անկողնուն գամված տառապյալին և կույրին: Գանահարվեց մինչև մահ, պարանով քաշվեց կուռքերի մեհյանը և տապալեց դրանք միայն խոսքով, կախվեց գլխիվայր Պետրոսի նման և կախաղանի վրա շարունակեց վարդապետել՝ հաստատելով իր աշակերտներին Քո սուրբ հավատի մեջ:

Արդ, Քո սուրբ Փիլիպպոս առաքյալի հիշատակի տոնախմբության օրը նրա բարեխոսությամբ պայծառացրո՛ւ Քեզ մեր մտքերում, Տեր Հիսուս, որպեսզի Քո՝ Հոր Ճառագայթիդ լույսով արժանի լինենք այստեղ հավատով և հանդերձյալ կյանքում դեմ հանդիման տեսնելու Քո երկնավոր Հորը. ամեն:

qahana.am