«Բոմբ է դրված Փաշինյանի իշխանության տակ. հեղափոխություն է լինելու». Միհրան Հակոբյան

Միայն ոզնուն պարզ չէ, որ այս մեթոդներով իշխանությունը պահողները շատ վատ և տխրահռչակ ավարտ են ունենալու
live24.am-ը ներկայացնում է

«Հայաստանում իշխանությունը կիրառում է ընտրովի արդարադատություն, ընտրում է մարդկանց, հետո հորինում քրեական գործեր, դրանց համար անպայման ընտրում է խափանման միջոց կալանքը։ Այս ամենով նպատակ է հետապնդվում մարդուն վախեցնել, պատժել, և ասվածի օրինակ է Արսեն Բաբայանի շուրջ կատարվողը, որի խափանման միջոց կալանքն այսօր փոխվեց»։ Այս մասին այսօր «168.TV»-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ Արսեն Բաբայանի գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, որի հետ կապված՝ իշխանությունը «կապրիզներ ունի»։

Ըստ Հակոբյանի՝ քանի որ ներկայիս իշխանությունը 1.5 տարի առաջ «տեսել է, որ իր գործողություններին ծափահարել են, հիմա մնացել է այդ ծափերի ազդեցության տակ»։

«Իրենք չեն կարողանում ընկալել, որ 1.5 տարվա ընթացքում շատ-շատերը հասկացել են, որ այս մարդիկ խաբել են ու սուտ խոստումներ են տվել, խոսել են երևույթների մասին, որոնք ընդհանրապես չեն եղել, և այդ մարդիկ այլևս ծափ չեն տալիս, այլևս ծաղրում են»,- ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ մարդիկ այլևս հասկացել են, որ իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը պայքարել են ոչ թե այն երևույթների դեմ, որի մասին խոսել են, այլ ընդհակառակը՝ պայքարել են այդ նույն երևույթներից օգտվելու համար։

«Պայքարել են, որպեսզի այդ թանկ առանձնատներում իրենք ապրեն, որպեսզի ՀՀ տարբեր մարզեր իրենց վոյաժներն ուղղաթիռներով անեն, թանկ մեքենաներ, ուղղաթիռ առնեն, նրանք պայքարել են սրանցից օգտվելու իրենց անձնական իրավունքի համար, ուստի այսօր ցինիզմի դրսևորում է խոսել լեգիտիմությունից։ Փաշինյանը համարում է, որ ինքը լեգիտի՞մ է, երբ իր կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարելու համար»,- ասաց Հակոբյանը։

Խոսելով իշխանության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին՝ Հակոբյանը նկատեց.

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, կնոջ եղբայրը պատգամավոր են, իսկ քավորը կամ սանիկը Իջևանի քաղաքապետի ԺՊ նշանակվեց գործող քաղաքապետին քրգործով հանելուց հետո, նա իրավունք չունի խոսել կոռուպցիայից։ Այնպես որ, ով խոսի-չխոսի կոռուպցիայից՝ Նիկոլ Փաշինյանը թող խոսի տանձ ու խնձորից»։

Մ. Հակոբյանը տեսակետ հայտնեց, որ, երբ Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերջնականապես իրեն ենթարկեցնել դատական համակարգը, նա այնտեղ կկարգի դատարանների դռների հետևում «վնգստացող դատավորներ», իսկ դրանից հետո կգնա արդեն մեդիայի հետևից։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ մեծ բոմբ կա դրված։ Իշխանությունից դուրս է հայտնվել ինտելեկտուալ հատվածի զգալի մասը, իսկ ինչ է թվում՝ նրանք նստելու են, որևէ բան չե՞ն անելու։ Այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, էլ չեն դիմանում, դիմում են գրում, դուրս են գալիս, այնպես որ՝ նոր դիմումների էլի սպասեք։ Միայն ոզնուն պարզ չէ, որ այս մեթոդներով իշխանությունը պահողները շատ վատ և տխրահռչակ ավարտ են ունենալու։ Իրական հեղափոխություն է լինելու»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանությունից պրոֆեսիոնալ կադրերի հեռացմանը։

Խոսելով Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և մեկնարկած բողոքի ակցիաների մասին՝ Միհրան Հակոբյանը նկատեց, որ այն, որ Հարությունյանը չի գնում երկխոսության, գալիս է փաստելու, որ նա ասելիք չունի։

«Որևէ մեկը նրան մանդատ չի տվել, որ մեր բոլորի հարկերով գոյացած գումարով ֆինանսավորի ինչ-որ պերֆորմաս՝ Հանրապետության հրապարակում, որևէ մեկը նրան մանդատ չի տվել ֆինանսավորելու սեռափոխված մեկի մասին ֆիլմ։ Հիշեցնեմ, որ այդ նույն Մել Դալուզյանն արդեն իր դոպինգային սկանդալով խնդիրների առաջ է կանգնեցրել մեր ծանրամարտի հավաքականին։ Այս երիտասարդները, որոնք այսօր կանգնել և պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հասնելու են իրենց ուզածին»,- ասաց Հակոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

168.am